ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966 թ. ծնված բնակիչը, մահացած վիճակում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր՝ ժամը 9:20-ին, Գորիսի քննչական բաժին է ներկայացել նույն քաղաքի 32-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: