Բժշկից մինչև դեղագործ, բուժքույր ու բուժակ՝ պարտադիր հավաստագրում կանցնեն՝ մեր երկրում ավագ և միջին բուժաշխատողների համար դեռ 2016-ին է սահմանվել այս պահանջը:
Սոնա Սարգսյան (ՀՀ ԱՆ ԱԱԻ Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար) - Այս օրենքով անցում կատարեցինք վերապատրաստումների համակարգից դեպի կրեդիտային համակարգ:
Այսինքն՝ կրեդիտներ հավաքելու և հավաստագրվելու համար բուժաշխատողները կմասնակցեն դասընթացների, սեմինարների, կհրատարակեն գիտաշխատություններ: Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը 5 տարի ժամկետով բժշկական գործունեությունը շարունակելու թույլտվություն է:
Սոնա Սարգսյան - Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար մեր բուժաշխատողները պետք է կուտակեն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակ: Քանակը տարբեր է՝ կախված՝ բուժաշխատողը ո՛ր կատեգորիաներին է պատկանում:
Ավագ բուժաշխատողների համար յուրաքանչյուր շրջափուլին անհրաժեշտ է 220 կրեդիտ, բացառությամբ դեղագետների՝ 160 կրեդիտ, միջին բուժաշխատողներին՝ 140 կրեդիտ, դեղագործներին՝ 100:
Սոնա Սարգսյան - Փաստացի մեր առաջին շրջափուլն ընդգրկելու է 2016-ից մինչև 2023-ի հունվարի 1-ը՝ 7 տարի:
5-ամյա ժամկետի շեղումը քովիդի ու պատերազմի պատճառով է: Կրեդիտների 3 տեսակ կա՝ գործնական, տեսական և ինքնազարգացման: Տեսականն ու գործնականը կարելի է կուտակել գիտաժողովներով, սեմինարներով կամ վարպետաց դասերով:
Սոնա Սարգսյան - Կրեդիտների երրորդ խումբը ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտներն են, որոնք տրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի շրջանակում և գիտական աշխատանքների և աշխատությունների հրատարակման համար:
Շարունակական բժշկական կրթության ոլորտում համակարգի ներդրումը կարևոր է և ունի մի շարք առավելություններ՝ նշում է Սարգսյանը:
Սոնա Սարգսյան - Նախկինում մեր բուժաշխատողները, որպեսզի կարողանային ստանալ մասնագիտական գործունեության իրավունք կամ շարունակելու թույլտվություն, պետք է անցնեին 7-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ՝ ավագ բուժաշխատողի կամ 5-շաբաթյա՝ միջին բուժպերսոնալի դեպքում:
Ժամկետը երկարատև էր, կտրում էր բուժաշխատողին մասնագիտական գործունեությունից: Թեև նոր համակարգը կրեդիտների պարտադիր քանակ է սահմանում, սակայն չի սահմանափակում՝ ինչպիսի արագությամբ դրանք կուտակել՝ միանգամի՞ց, թե՞ 5 տարում:
Սոնա Սարգսյան - Այն անպայմանորեն կանդրադառնա բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, քանի որ շարունակական բժշկական կրթությունը անմիջականորեն կապված է առօրյայում ցուցաբերվող օգնության որակի հետ:
Հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլը կավարտվի 2023 թ. հունվարի 1-ին, բուժաշխատողները, որոնք չեն ունենա հավաստագիր, նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն: