ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂԻ. ՊՈՒՏԻՆ
Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է, սակայն Ռուսաստանին այլ ելք չէին թողել, դա ժամանակի հարց էր, հայտարարել է Վլադիմիր Պուտինը` Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայան այցի շրջանակում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո։
«Հատուկ գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, այն կշարունակվի, քանի դեռ դրա նպատակները լիովին չեն իրագործվել. անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կորուստները», - ընդգծել է նախագահը։
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցություններին։ Նրա խոսքով՝ Կիևը հեռացել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից։
«Բանակցությունները վերադարձել են փակուղի։ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել բանակցային գործընթացը շարունակելու համար, բայց փոխարենը բախվել է Բուչայի սադրանքին», - պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը։
Անդրադառնալով հակառուսական պատժամիջոցներին` Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, որ դրանց ֆոնին Մոսկվան և Մինսկը պետք է ամրապնդեն գործակցությունը տարբեր ոլորտներում։
«Ռուսաստանի համար բոլոր դռներն ու պատուհանները դրսից ոչ ոք փակել չի կարող», - ընդգծել է նա։
Լուկաշենկոն իր հերթին վստահեցրել է, որ Բելառուսը ցանկացած իրավիճակում Ռուսաստանի կողքին կլինի։ Նա նաև հայտնել է, որ Մինսկը և Մոսկվան աշխատում են բելառուսական նավթավերամշակման գործարաններին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
ԵՄ-Ն ՀԵՌԱՑԵԼ Է ԻՐ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ. ՌԴ ԱԳՆ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, թե «այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում», հաստատում է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվել է իր հիմնադիրների խաղաղասիրական արժեքներից։ Այժմ Եվրամիությունը խոստանում է Կիևին ռազմական օգնության ծավալը հասցնել 1,5 միլիարդ եվրոյի, հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
«Արևմուտքը ձևացնում է, թե չի նկատում, և հետևաբար խրախուսում է ուկրաինացի ազգայնականների սադրանքները խաղաղ բնակչության դեմ, որոնց մահվան համար փորձում են մեղադրել ռուսական զորքերին», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Գերատեսչության պնդմամբ՝ ԵՄ բառապաշարից անհետացել են քաղաքական կարգավորման և բանակցությունների անհրաժեշտության մասին թեզերը, ինչը հակասում է եվրոպական երկրների բնակիչների շահերին։
ՊԵՆՏԱԳՈՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Պենտագոնը ցանկանում է հասնել Ուկրաինայի հաղթանակին: Նման պնդմամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:
«Մենք ցանկանում ենք Ուկրաինան տեսնել ինքնիշխան, ամբողջական, և որպեսզի նրա ամբողջ տարածքում ռուսական զորքեր չլինեն։ Թե ինչպես պետք է դա անել, այդ հարցին պետք է պատասխանեն պարոն Զելենսկին և Ուկրաինայի կառավարությունը»,- նշել է Քիրբին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարող Զելենսկուն թելադրել, թե ինչպիսին պետք է լինի Ուկրաինայի հաղթանակը:
1,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ
Համաշխարհային բանկը Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում, որն ուղղված է` աջակցելու ռազմական գործողությունների ընթացքում հիմնական հանրային ծառայությունների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասը։
Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944 թ., որպեսզի օգնի Եվրոպային վերականգնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պատրաստ կլինենք օգնելու վերականգնվել, երբ դրա ժամանակը գա»,- եզրափակել է Համաշխարհային բանկի նախագահը:
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Նյու Յորքի Բրուքլին թաղամասի մետրոյի կայարանում անհայտ անձը կրակել է ուղևորների վրա, հայտնում է CNN-ը:
Նախնական տվյալով՝ տուժել է առնվազն 13 մարդ, 5 մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Կասկածյալը փախել է հանցագործության վայրից։ Ոստիկանության փոխանցմամբ` կրակողը եղել է հակագազով ու բանվորական բաճկոնով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մի քանի չպայթած ռումբ։
ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ
Շրի Լանկան դադարեցնում է արտաքին բոլոր պարտավորությունների վճարումները: Այդ մասին ասված է երկրի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
«Վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ համավարակի և Ուկրաինայում ռազմական գործողությունների տնտեսական հետևանքների պատճառով Շրի Լանկայի արտաքին պետական պարտքի գծով պարտավորությունների հետագա նորմալ սպասարկումն անհնար է դարձել»,- հայտարարել են գերատեսչությունից:
Նշվում է, որ նախորդ ամսվա վերջին Արժույթի միջազգային հիմնադրամը Շրի Լանկայի պարտքի չափը գնահատել է որպես «անհաղթահարելի». այն կազմում է 51 միլիարդ դոլար: