Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, ԱԺ-ն դրանք ընդունել է դեռ 2021-ի հունիսի 30-ին: Գործող օրենսգրքերի պարագայում վարույթն իրականացնող մարմինը քննության տարբեր փուլերում հայտնվում էր դատական վեճերի մեջ, երբ անհամաձայնություն էր հայտնում մեղադրվող կողմը՝ մեղադրելով իրավապահներին: Փոփոխությունը հնարավորինս բացառում է նման վեճերի հնարավորությունը:
Արսեն Այվազյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Շատ դեպքերում, այսօր դատավարության մասնակիցները վիճարկում են գործողության այս կամ այն հատվածը, պայմանական ասում են՝ ես ասացի «ա», քննիչը գրեց «բ»: էս խնդիրը այլևս չի լինի, որովհետև մենք կիրառելու ենք տեսաձայնագրառում:
Օրենքների փոփոխությունների նպատակը իրավական նորմերի ու ձևակերպումների երկիմաստ բովանդակության բացառումն է:
Արսեն Այվազյան - Գնալով ավելի շատ էին այդ իրավական վեճերն առաջանում, և նոր օրենսգրքերի մշակման անհրաժեշտություն էր առաջացել: Այս նոր օրենսգրքերը, հատկապես Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, իր մեջ ներառել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, շատ դեպքերում իրենց մեջ ներառված են նաև ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված իրավակարգավորումները: Քրեական օրենսգիրքը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող, եթե համեմատենք գործող օրենսգրքի հետ, բավական մատչելի է և՛ ընկալման, և՛ մեկնաբանության իմաստով:
Նախատեսվում է գործի քննության ընթացքում ավելացնել տեխնիկական միջոցների դերը: Գործի հատորները արդեն համապատասխան կրիչով՝ էլեկտրոնային տարբերակով, կհատկացվեն դատավարության մասնակիցներին, հարցաքննությունից սկսած ամբողջ պրոցեսը կտեսաձայնագրվի:
Նոր օրենսգրքերի պահանջով նաև հաստիքային փոփոխություններ կլինեն: Ըստ նոր կարգավորումների՝ տարբեր կառույցների հետաքննիչների հաստիքները կկրճատվեն, նրանց աշխատանքը կկատարեն Քննչական կոմիտեի քննիչները: 2021 թվականի վիճակագրության համաձայն՝ չորս գերատեսչությունների 450 հետաքննիչներ 1 տարում նախապատրաստել են մոտ 60000 նյութ:
Արսեն Այվազյան - Էդ բեռը՝ գերծանրաբեռնվածությունը, փոխանցվելու է նախաքննական մարմնին, տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեին: ՔԿ քննիչները պարզապես այդ 60000 նյութերը չեն կարող նախապատրաստել առկա հաստիքներով: Զուտ սա է պատճառը, որ ՔԿ-ում մենք նախատեսում ենք հաստիքների ավելացում, բայց դրանք չեն լինելու զուտ ավելացում, դրանք լինելու են կրճատված հաստիքների հաշվին, այսինքն՝ այլ իրավապահ մարմիններում կրճատվելու են այդ հետաքննիչների հաստիքները, և այդ հաստիքները փոխանցվելու են Քննչական կոմիտե:
Այս պահին կոմիտեում մտադրված են 450 հաստիք ավելացնել, հաշվարկները, սակայն, դեռ վերջնական չեն: Քննչական կոմիտեում նաև ամենամյա համալրումներ են լինում: Այս տարի արդեն աշխատանքի ընդունման մեկ քննություն եղել է, ևս մեկը նախատեսվում է անցկացնել ապրիլի 27-ին, ի դեպ՝ գործող, այլ ոչ թե նոր օրենսգրքերով: Դիմումները կընդունվեն մինչև ապրիլի 20-ը: Դիմորդները բանավոր ու գրավոր քննություն են հանձնում, ապա հաջողելու դեպքում 4 ամիս ուսումնառություն անցնում:
Դատախազի, քննիչի, դատավորի, փաստաբանի և հետաքննության մարմնի 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները ուսումնառություն չեն անցնում, այլ երկու փուլով քննությունները հաղթահարելու պարագայում միանգամից աշխատանքի են անցնում: