Ազգային ժողովը քննարկեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Այսպես, Հայաստանի Հանրապետությունը միանում է 2020 թվականի մայիսի 29-ի Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով միավորել մասնակից պետությունների զինված ուժերում որպես կառավարման տեխնիկական հիմքի կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող կապի համակարգի երաշխավորված և արդյունավետ գործառության ապահովմանն ուղղված ջանքերը։
«Մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի առկայությունը լուծելու է կարևորագույն մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ ռազմական ոլորտում փոխգործակցության միավորված համակարգերի գործառության ապահովումը, մասնակից պետությունների կապի ազգային ցանցերի և հատուկ նշանակության կապի ցանցերի հետ անհրաժեշտ համատեղելիությունը, ներկայացվող պահանջների ապահովումը:
Նախաձեռնության նպատակին և խնդիրներին համապատասխան՝ համաձայնագրով սահմանվում են ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ զարգացման և կատարելագործման մոտեցումները, ազգային համակարգի զարգացման, ֆինանսավորման և համատեղ միջոցառումների շրջանակները, այդ ուղղությամբ մատակարարումների և համապատասխան սարքավորումների նորոգումների, մասնագետների պատրաստման, տեղեկությունների փոխանակման, համաձայնագրին միանալու և համաձայնագրից դուրս գալու հետ կապված հարաբերությունները»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Համաձայնագրի իրագործման գծով կողմերի լիազորված մարմիններ են պետությունների պաշտպանության նախարարությունները։
«Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին միացել է մեկ վերապահմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, ովքեր միացել են համաձայնագրին 2020 թվականի մայիսից հետո»,- ասաց Սարգսյանը։