«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողից ազգային պարկի տարածքում խոտհնձի իրականացման ոլորտում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2019 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա տնօրենի պաշտոնակատար հանդիսացած Գ. Ա.-ն, 2017-2019 թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, Շիրակի մարզի Շաղիկ, Առափի, Ամասիա, Բերդաշեն գյուղերի մի քանի բնակչների, նախապես ձեռք բերված համաձայնություններով, թույլատրել է ազգային պարկի տարածքում տարբեր չափերի՝ 10-ից մինչև 50 հա հողատարածքներում, առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, իրականացնել խոտհունձ:
Ապօրինի խոտհունձը չկանխարգելելու դիմաց նա պահանջել է իրեն որպես կաշառք տալ այդ խոտհարքներից ստացված խոտի հակերի մի մասը կամ նախապես պայմանավորված գումարը՝ 65000-ից մինչև 250000 ՀՀ դրամ չափով:
Ավելի ուշ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, խոտհունձ կատարած անձինք կաշառքի առարկա հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի գումարները մաս-մաս, ամբողջությամբ կամ ընդհանուր շուրջ 45500-ից մինչև 840000 ՀՀ դրամին համարժեք տարբեր քանակության՝ 300-ից մինչև 1200 հատ խոտի հակերը հանձնել են Գ.Ա.-ին:
Առանձին դեպքերում կաշառքի գումարների մի մասի փոխարեն նա ստացել է առավելություններ, մասնավորապես, այդ գումարների չստացված մասերի դիմաց նրա մատնանշած խոտհարքներում անձինք իրեն պատկանող տրանսպորտային միջոցով կատարել են խոտհունձ կամ մարվել են դրամական պարտավորություններ:
Բացի այդ, Գ.Ա.-ն զբաղեցնելով ՊՈԱԿ տնօրենի տեղակալի պաշտոնը՝ 2017 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոտհունձ իրականացնելու նպատակով համաձայնել է մի անձի վարձակալությամբ տրամադրել 20 հա խոտհարք: Սակայն վերջինիս հետ վարձակալության պայմանագիր չի կնքել, այլ ուղղակի դիտավորությամբ շահադիտական նպատակով, գույքային օգուտ ստանալու համար որպես վարձավճար փոխանցված ընդհանուր զգալի չափի՝ 106000 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով (հինգ դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքները կատարելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 5 մլն դրամի չափով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել կաշառք տված 7 անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: