Կորեայի Հանրապետության իշխանությունները ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերի հետ հանդիպումների ընթացքում վերահաստատել են պաշտոնական դիրքորոշումը, որ Սեուլը մահաբեր սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին։
Երկուշաբթի Սեուլում Բաուերը հանդիպել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկի և շտաբի պետերի կոմիտեի նախագահ Վոն Ին Չոլի հետ:
«Պաշտոնական դիրքորոշում ենք հայտնել, որ կմատակարարվեն միայն ոչ մահաբեր առարկաներ»,- մեկնաբանել է Բաուերը հարավկորեացի զինվորականների հետ հանդիպումը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Կորեայի պաշտպանության նախարար Սո Ուկը բացառել է Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը։ Նա բացատրել է, որ Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման սահմանափակումներ կան՝ հաշվի առնելով Կորեայում անվտանգության հետ կապված իրավիճակը:
Միաժամանակ Սեուլը նախատեսում է Ուկրաինային ևս 30 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել՝ դրա ընդհանուր ծավալը հասցնելով 40 մլն դոլարի: Օգնությունը ներառում է սաղավարտներ, վերմակներ, առաջին օգնության փաթեթներ, վրաններ և այլն: