Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության խնդիրները կկատարվեն։ Այդ մասին նա հայտարարել է Ամուրի շրջանի «Վոստոչնայա» տիեզերակայան այցի ընթացքին:
Պուտինը հիշեցրել է, որ հատուկ գործողության վերաբերյալ առաջին հրապարակային ելույթում ինքը նշել է գործողության նպատակները՝ օգնել մարդկանց Դոնբասում: Նրա խոսքով՝ այդ գործողությունն իրականացնելով՝ ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկում նաև սեփական անվտանգությունն ապահովելու համար։
«Այն, ինչ մենք անում ենք, մի կողմից մարդկանց օգնելն ու փրկելն է, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման համար միջոցներ ձեռնարկելը։ Ակնհայտ է, որ մենք այլ ընտրություն չենք ունեցել, դա ճիշտ որոշում է։ Մեր նպատակները միանգամայն հասկանալի են և ազնիվ: Ոչ մի կասկած չկա, որ մենք կհասնենք դրանց»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա հավելել է, որ Մոսկվան չի պատրաստվում մեկուսանալ աշխարհից:
«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ, ժամանակակից աշխարհում ընդհանրապես անհնար է որևէ մեկին խիստ մեկուսացնել, իսկ Ռուսաստանի նման հսկայական երկիրն՝ առավել ևս: Ուստի մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են համագործակցել»,- ասել է Պուտինը: