Վաշինգտոնը բոլոր երկրներին կոչ է անում զենք չգնել Ռուսաստանից, ընդ որում՝ ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռևս չի կայացվել։ Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցություններից հետո։
Նա խոստովանել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի գործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, երկար տարիների պատմություն ունի։
«Այժմ մենք էլ կարող ենք և պատրաստ ենք Հնդկաստանի գործընկերը լինելու։ Կարևոր է, որ բոլոր երկրները ճնշում գործադրեն Վլադիմիր Պուտինի վրա»,- շեշտել է Բլինքենը։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները կխորացնեն գործակցությունը ռազմական և տնտեսական ոլորտներում։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնագիր են ստորագրել տիեզերական ոլորտում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Օսթինը հավելել է, որ Նյու Դելին և Վաշինգտոնը պայմանավորվել են անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսել։
Սպիտակ տնից հայտնում են նաև, որ ԱՄՆ-ը Հնդկաստանից որևէ կոնկրետ բան չի խնդրում ռուսական էներգակիրների ձեռքբերման հարցում, սակայն կարծում է, որ Նյու Դելին չպետք է ավելացնի դրանց գնումների ծավալը։