ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ռուս խաղաղապահներն արգելել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մուտքն Արցախ:
Մանուկյանի խոսքով` երբ հասել են Աղավնո գյուղի` ռուս խաղաղապահների հենակետի մոտ, վերջիններս հայտարարել են, որ իրենց մուտքը Արցախի Հանրապետություն արգելված է: Միաժամանակ, ըստ Մանուկյանի, խաղաղապահներն այդ արգելքի որևէ բացատրություն չունեին:
Աղավնոյի անցակետում, սակայն, ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են իրենց արցախցի գործընկերների հետ և ավելի քան մեկ ժամ քննարկում ունեցել իրենց հուզող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքը՝ մտադրություն ունենալով մեկնել Արցախ և մարզեր։