Ընդդիմադիրներն այսօր բոյկոտեցին Ազգային ժողովի նիստը: Այս քառօրյային նրանք չեն մասնակցելու:
«Խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգը», հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին: Մենք մեկնում ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
««Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու այս քառօրյային՝ մեկնելով Արցախ, լինելով մեր հայրենակիցների կողքին»,- ասաց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմության այսօրվա հայտարարությանը:
«Ուզում եմ հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել այս մարդկանց այստեղ: Ուզում եմ հասկանալ՝ լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, իրենց վրա ծախսված գումարները պետության կողմից արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ ունեն, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ: Զուգորդված աշխատանք Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ, հայտարարություն՝ սադրանք սահմանին, բարձր մակարդակով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Վադիմիր Պուտինի միջև, հայտարարություն՝ միտինգ, ամբողջը՝ իրար հետ զուգորդված: Սրանք զուգադիպություններ չեն:
Ձեզ թվում է՝ ինչո՞ւ էին այսօր բոլորն այստեղ հավաքված ու այդ հայտարարությունն անում, դուրս գալիս. որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամավորների հաշվին: Խմբակցությունը հանգիստ կարող էր հայտարարություն տարածել ու ընդհանրապես չգալ դահլիճ: Բայց չէ, պարտադիր պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում ենք մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձերից չպակել: Սա է այսօրվա մեր ընդդիմությունը»,- ասաց Սիմոնյանը: