Որ բժշկին այցելելուց երեխաները չխուսափեն ու ներարկումները, նախավիրահատական գործընթացը նրանց համար սթրես չդառնա, հայ ստարտափերները լուծում են գտել: Առաջարկում են սարքի միջոցով երեխային տեղափոխել վիրտուալ աշխարհ և ուշադրությունը ցավից շեղել:
Դավիթ Զարգարյան («10 իքս ինջիներինգ» ընկերության հիմնադիր, ինժեներ) - Վիրտուալ իրականության հիման վրա, վիրտուալ ակնոցի վրա հարմարեցվում է մեր կողմից մշակված սարքավորում ևս, որը կարդում է երեխայի բիոլոգիական տվյալները և գեներացնում կոնտենտ:
Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն: Սարքի ամբողջ բովանդակությունն ընկերությունն է ստեղծում՝ մասնագետների հետ գործակցելով: Դավիթ Զարգարյանն ասում է՝ առաջին տեխնոլոգիական ընկերությունն են, որին առողջապահության նախարարության էթիկայի հանձնաժողովը թույլատրել է իրականացնել թեստավորում՝ երեխաների մասնակցությամբ:
Դավիթ Զարգարյան - Համագործակցել ենք դրսի վարկանիշային հոգեբանների հետ: Հայաստանում էլ կա համագործակցություն:
4 բուժհաստատությունում սարքն արդեն կիրառվել է, հիմա միջազգային շուկա արտահանելու ուղղությամբ են աշխատում: Ի դեպ, ընկերությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ ծրագրով պետական դրամաշնորհ ստացած տեխնոլոգիական կազմակերպություններից մեկն էր: