«Սևան» ազգային պարկի տարածքում կբացվի ևս չորս հանրային լողափ: Գործող 3 և շահագործման ընթացքի մեջ գտնվող 5 լողափերի հետ միասին` այսպիսով հանրային լողափերը կդառնան 12: Հաշվի առնելով տարածքների արդյունավետ օգտագործումը և գործող լողափերում այցելուների թվի ավելացումը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից առաջարկել են նորերը բացել:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Այդ երեք լողափերում մենք գրեթե 90 հազար այցելու ենք հաշվառվել երեք ամիսների ընթացքում:
Այցելությունների ակտիվությունը պայմանավորված էր լողափերի սպասարկման նոր մոտեցմամբ: Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ երեք լողափերի սպասարկումը հինգ տարի ժամկետով հաձնվել էր մասնավոր ընկերությանը: Աղբահանություն, շվաքարաններ, բիոզուգարաններ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարություններ, ավտոկայանտեղի, լողափային գույք. հիմա այս ամենը պարտավոր է ապահովել սպասարկումը ստանձնած ընկերությունը: Փոխարենը ընկերությանը հնարավորություն է տրվում հանրային լողափի տարածքում իրականացնել թեթև առևտուր: Մինչ նոր կարգը լողափի սպասարկման ծախսերը կատարում էր «Սևան ազգային պարկ» կազմակերպությունը:
Ոսկեհատ Գրիգորյան - «Սևան» ազգային պարկը խնայեց իր կողմից իրականացված միջոցները, բացի այդ, կազմակերպությունը, որը սպասարկում է իրականացնում հանրային լողափերում, վճարներ է տալիս «Սևան ազգային պարկին»` վճարում է էլեկտրաէներգիայի, ջրի և այլնի դիմաց: Այսինքն` պետության տեսանկյունից պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակներում կազմակերպվեց նորմալ գործընթաց:
Նախատեսվող 4 լողափերը, որոնք գործելու են Շողակաթ, Լճափ, Գավառ և Մարտունի համայնքների տարածքներում, կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանը:
Ոսկեհատ Գրիգորյան - Ամբողջ նպատակը «Սևան» ազգային պարկի ափամերձ գոտու հասանելիությունը բնակչության համար դարձնելն է, նաև տարածքի համաչափ զարգացումը:
Ամբողջ ազգային պարկի տարածքներում կլինեն հանրային լողափեր, դրանք մոտ ու հասանելի կլինեն ոչ միայն Երևանի, այլև Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի մարզի բնակիչների համար: