Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 11-ին հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի և կազմակերպության Կլիմայի փոփոխության, Երեխաների իրավունքների պաշտպանության, Երիտասարդական ծրագրերի ղեկավարների հետ։
Ս․ Մեստրոնին հակիրճ ներկայացրել է Հայաստանում UNICEF-ի գործունեությունն ու ծրագրային ուղղությունները՝ առավել մանրամասնորեն անդրադառնալով Սյունիքում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին՝ կրթական, սոցիալական զարգացման, իրավունքների պաշտպանության ու այլ ոլորտներում։
Ռոբերտ Ղուկասյանը խոսել է մարզային իշխանության՝ Սյունիքի զարգացման ուղղությունների տեսլականի ու ռազմավարության և հատկապես գյուղական բնակավայրերում վերջին տարում պետական ծրագրերով իրականացվածի մասին։
Հյուրերը ներկայացրել են նաև մարզում իրենց առաջիկա անելիքները, ու քննարկվել են հատկապես այն ծրագրերը, որոնք երկու կողմի համար էլ առաջնահերթություն են:
Արդյունքում՝ Սյունիքի մարզպետարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև համագործակցության ու հետագա արդյունավետ համատեղ աշխատանքի պայմանավորվածություն է ձեռք բերվել։