ՌԴ-Ն ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակահատվածում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում և զգուշացրել, որ գործողությունը կդադարեցվի միայն այն ժամանակ, երբ վերջնական համաձայնություն ձեռք բերվի: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան պատճառ չի տեսնում, թե ինչու Ռուսաստանը չպիտի շարունակի բանակցությունները Ուկրաինայի հետ: Լավրովի խոսքով՝ ուկրաինական կողմը ամեն անգամ խուսափում է, երբեմն մերժում այն, ինչ նոր է առաջարկել: «Բայց մենք համբերատար և համառ մարդիկ ենք»,- ասել է Լավրովը: Խոսելով Ռուսաստանի հատուկ գործողության նպատակի մասին՝ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ հատուկ գործողությունը կոչված է վերջ դնելու միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների լիակատար գերիշխանության անշեղ ընդլայնմանն ու ուղեգծին։ Գերիշխանություն, որը կառուցվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոշակի կանոններով, որոնց վերաբերյալ պնդումներ հիմա են նրանք անում, և որոնք առիթից առիթ են մշակում՝ նշել է արտգործնախարարը: Լավրովը չի բացառել նաև, որ ուկրաինացի զինվորականները՝ արևմտյան հետախուզական ծառայությունների անմիջական աջակցությամբ, նոր սադրանքներ են նախապատրաստում: «Ռուսաստանը դրանց պատասխան կտա փաստերով»՝ հայտարարել է Լավրովը:
ԵՄ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՅԻ ԹԵՄԱՆ
Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթի մշակման և նավթի էմբարգոյի թեման քննարկվելու է այսօր Լյուքսեմբուրգում՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում:
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը էմբարգո սահմանելուն կողմ էր քվերակել: Հանդիպումից առաջ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իր երկիրը նպատակ ունի ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներկրումը՝ սկզբում ածխից, հետո արդեն նավթից և գազից: Իռլանդիայի արտաքին գործերի նախարարն էր հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթում ներառված կլինի նաև նավթը. նրա խոսքով, սակայն, ռուսական վառելիքի արգելքի մասով վերջնական որոշում դեռ չկա: Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի Ուկրաինային տրամադրվող օգնությունն ավելացնելու հարցը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումները։
ՎՐԱՍՏԱՆԸ ՌԴ ԴԵՄ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ ՉԻ ԲԱՑԻ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Վրաստանը Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատ չի բացի՝ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի պահպանել Վրաստանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև նպաստել նրա զարգացմանը։ Ռուսաստանի դեմ լրացուցիչ ճակատներ բացելու թեման առաջին անգամ շոշափել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։ Որպես օրինակ, թե որտեղ կարող են նման ճակատներ ստեղծվել, նա նշել է Կալինինգրադի մարզը, Կուրիլյան կղզիները, Մոլդովան և Հարավային Կովկասը։ Դանիլովը կարծիք էր հայտնել, որ ռազմական նման քայլը մեծ օգնություն կլինի Ուկրաինային։
ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Վիեննայի բանակցություններն ավելին են, քան պարզապես Իրանի և Միացյալ Նահանգների միջև եղած մի խնդիր»՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակն ու տեղեկացրել, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունները շարունակվում են: Սաիդ Խատիբզադեի խոսքով՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի դեռ չի բերվել, և բանակցությունները շարունակվելու են ըստ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ռազմավարության»։ Նա շեշտել է նաև, որ Իրանը բանակցությունների ընթացքում մինչ օրս չի հատել իր կարմիր գծերը: Վերջնական համաձայնության համար, ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ ամերիկյան կողմը բավարար քաղաքական կամք ցուցաբերի: