Մերձդնեստրի վարչակազմը հերքել է ուկրաինացի զինվորականների հայտարարությունը ռուսական զինվորականների մասնակցությամբ տարածաշրջանում, իբր, սադրանքներ նախապատրաստելու մասին՝ գրում է Interfax-ը։
«Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության տարածքում հարևան Ուկրաինային սպառնացող ոչ մի ռազմական նախապատրաստություն կամ հատուկ միջոց չի իրականացվում»,- գրված է չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Ընդգծված է նաև, որ «Մերձդնեստրի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ ռուսական զորքերը կարող են սադրանք նախապատրաստել Մերձդնեստրի տարածքում՝ «դրա համար մեղադրելով Կիևին»։
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը բազմիցս հայտարարել է, որ Մերձդնեստրում տեղակայված ռուս զինվորականների կողմից կարող են ռազմական գործողություններին միջամտելու փորձեր լինել։
Ամեն անգամ Մոլդովայի իշխանությունները և Մերձդնեստրի վարչակազմը հերքել են սադրանքների և Մերձդնեստրին ռազմական գործողություններին ներգրավելու մասին տեղեկությունները։