Գոյություն ունի սխեմա, որը թույլ է տալիս գազի դիմաց Ռուսաստանին վճարել ռուբլով ու չի խախտում ԵՄ պատժամիջոցները, և Հունգարիան դա կարող է օգտագործել հետագա վճարումների համար։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ փոխանցում է Reuters-ը։
Դիվանագետը մեթոդը նկարագրել է այսպես. սկզբում հունգարական MVM-ի «դուստր» CEE Energy-ն գազը վճարում է եվրոյով, իսկ հետո «Գազպրոմբանկը» այն վերածում է ռուբլու և փոխանցում «Գազպրոմ Էքսպորտ»-ին։ Սիյարտոն նշել է, որ երկկողմ պայմանագրերում ներառված է հաշիվները ո՛չ միայն եվրոյով վճարելու հնարավորությունը, և ոչինչ չի խանգարում դրանցում կատարել համապատասխան լրացումներ։
Առայժմ Հունգարիան է առավել որոշակի խոսում գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորության մասին, ինչը պնդում է Մոսկվան։ Եվրոպական մյուս երկրները դեռ պատրաստ չեն քննարկել մանրամասները։
Իրականում «Գազպրոմի» արտասահմանյան գործընկերների համար քիչ բան է փոխվել: Նրանք դարձյալ պետք է վճարեն եվրոյով, բայց ոչ ուղղակի «Գազպրոմին», այլ ռուսական վարկային հաստատության միջոցով, օրինակ՝ «Գազպրոմբանկի»: Դրա համար եվրոպական ընկերությունները պետք է ռուբլու հաշիվ բացեն, որին բանկը կվճարի փոխարկելի արժույթով՝ մատակարարին փոխանցելու համար։