Տևական ընդմիջումից հետո շինտեխնիկան կրկին Դիլիջան-Ճամբարակ հանրապետական նշանակության ճանապարհին է: 17 տարի անց առաջին անգամ հիմնանորոգվում է ճանապարհի 11 կմ հատվածը: Շինաշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ․
Արմեն Սարգսյան (շինընկերության աշխղեկ) - Նախկին ասֆալտի շերտը հեռացվել է, շարունակում է հեռացվել, հետո տեղադրում ենք ավազային շերտը՝ 10 սմ-ով, և ավազակոպիճը; 800-1000 մ խճալիցք ենք կատարել:
Ճանապարհն ունի ոչ միայն երթևեկության համար անհարմար, այլև՝ վտանգավոր տեղամասեր, որոնք ևս ներառված են շինաշխատանքներում: Սողանքից մի քանի մետր դեֆորմացվել և խոչընդոտում է ազատ երթևեկին, իսկ ափամերձ մի քանի հատված վնասվել են գետի վարարումներից․
Արմեն Սարգսյան - Նախատեսված է գաբիոնային շարվածք, հենապատերի նորոգում: Մոտ 100 մ աշխատանք է նախատեսված սողանքի հատվածի համար:
Շինարարների մուտքը հատկապես ուրախացրել է մերձակա գյուղերի բնակիչներին. ճանապարհն անցնում է 3 գյուղով; Խաչարձանից մինչև մայրուղի 7 կմ-ի վտանգավոր տեղերը Արամը լավ գիտի, հիմա գոհ է, որ շուտով դրանք անցյալում կմնան, միայն թե նեղվում է մոտ 6 մ լայնությամբ ճանապարհի նեղությունից․
Արամ Զախարյան (Խաչարձան գյուղի բնակիչ) - Այ էս վտանգ է, դիմացինը՝ վտանգ է, լավ են անում, որ սարքում են, բայց որ մի քիչ լայնացնեն, ավելի լավ կլինի, շատ ընտիր կլինի:
Ավտոմեքենաների երթևեկը մի քիչ դժվարացել է, բայց վարորդները չեն սրտնեղում: Այս ճանապարհը նաև Գեղարքունիքի մարզ է տանում, Դպրաբակ գյուղից Նիկոլայը գործի բերումով հաճախ է անցնում, հիմա արդեն՝ լավ ճանապարհի սպասումով:
Նիկոլայ Աղաջանյան (Դպրաբակ գյուղի բնակիչ) - Լավ է, որ սարքում են, գերազանց է, արագ գնում ես, գալիս, փոս չկա, բան չկա, մեքենադ ապահով է:
Սպասված լավ ճանապարհի շահագործմանը, շինարարների հավաստմամբ, մնացել է մոտ 2-3 ամիս, եթե եղանակները և գետի վարարումը չխանգարեն: