Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ Ուկրաինայից Հայաստան գալու դեպքում COVID-19-ի հայտնաբերման ՊՇՌ հետազոտություններն իրականացվելու են անվճար: Կառավարության նոր որոշումն է, որն ընդունվեց ապրիլի 7-ին: Այս որոշումն արձագանք է այն դժգոհություններին, որ հայտնում էին Ուկրաինայից Հայաստան ժամանողները: Ուկրաինայի վիճակով պայմանավորված՝ նրանց մի մասը հնարավորություն չունի թեստավորման գումար հատկացնելու: Բացի ՊՇՌ թեստավորումից՝ ընդունելի է նաև հակամարմինների հայտնաբերման 24-ժամյա վաղեմության արագ թեստը:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Բայց անցնում են այն թեստերը, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ ԵՄ-ի կողմից գրանցված են: Սա մի փոքր կհեշտացնի գործընթացը. նման պրակտիկա կիրառվում է ԵՄ-ի և մի շարք այլ երկներում:
Ուկրաինայից Հայաստան ժամանածները, եթե թեստավորման հետ կապված խնդիրներ ունենան, կարող են դիմել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ ասաց գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը և տեղեկացրեց, որ արդեն իսկ նման բողոքներ ստացել են, խնդիրը կարգավորվել է: Նա նաև ներկայացրեց ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան մուտքի ու ելքի պատկերը, սակայն պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը՝ օտարերկրացի:
Հովհաննես Ալեքսանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ) - Առաջին եռամսյակում Հայաստան ռուսական փաստաթղթերով մուտք է գործել մոտ 142 000 անձ, երկրից մեկնել՝ 130 000, Ուկրիանական փաստաթղթերով մուտք է գործել մոտ 6000 մարդ, դուրս եկել 5600-ը:
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ մինչ օրս ստանում են դիմումներ տարհանման, վերադարձի, Հայաստանում օգնություն ստանալու խնդրանքով: Կառավարության նոր որոշմամբ՝ նաև փոխվել է Հայաստան մուտք գործած անձանց մեկուսացման ժամանակահատվածը. Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների մեկուսացման ժամկետը 14-օրից դարձել է 10 օր: Ավելին՝ մեկուսացման ժամանակահատվածում նրանք կարող են հանձնել ՊՇՌ թեստ և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից: Առողջապահության փոխնախարը չբացառեց COVID-19-ի հետ կապված այլ սահմանափակումների վերացման հնարավորությունը ևս, բայց...
Լենա Նանուշյան - Հնարավոր է նաև, որ նորից, համաճարաբանական իրավիճակից ելնելով, նոր սահմանափակումներ մտցվեն, ամեն ինչ կախված է, թե ինչպիսի նոր շտամ կգա, ինչպիսի դեպքերի քանակ ու հոսպիտալացում կունենանք:
Հայաստանում վերջին ժամանակաշրջանում նվազել են COVID-19-ով վարակվելու դեպքերը, այսօր վարակը հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:
Հեղինակ՝ Անի Օհանյան