Հայթաղցի Մելքոնյանները սպանախի վերջին բերքն են հավաքում: Ցանքսը սկսել էին, երբ դաշտում դեռ տեղ-տեղ ձյուն կար: Անցած տարվանից պահած պարարտանյութ էլ ունեին. մինչև պետության խոստացածը տեղ կհասներ, իրենք դաշտն արդեն պարարտացրել էին, առողջ ու փարթամ սպանախ ստացել:
Լիդա Մելքոնյան (Հայթաղի բնակիչ) - Ես միշտ պահում եմ իմ պայոկը, որ գարնանը նեղություն չքաշեմ, նորը ստացել եմ՝10 օրից կօգտագործեմ՝ցորենի, բանջարեղենի համար:
Նորը կառավարության կողմից սուբսիդավորվող պարարտանյութն է: Հայթաղցիներն իրենց հասանելիք 40 տոննան արդեն ստացել են, մի մասը շաղ են տվել դաշտում, մյուսն էլ պահել, որ նոր ցանքսին օգտագործեն: Ասում են՝ եթե պետության օգնությունը չլիներ, չէին կարողանա գրեթե երեք անգամ թանկացած պարարտանյութը ձեռք բերել՝ շուկայական գնով:
Ժորա Մելքոնյան (Հայթաղի բնակիչ) - Հազարի փոխարեն 12 հազարով եմ վերցրել: Որ չօգներ, որտեղի՞ց պետք է 20 պարկ գնեի. պետության շնորհիվ է դա:
Պարարտանյութի մատակարարումը սկսվել է ապրիլի 5-ից: Եթե Հայթաղում գործընթացն արդեն ավարտվել է, ապա հարևան Ծաղկալանջում պարկերը նոր-նոր են բեռնաթափվում: Ցուցակագրվածները շատ են: Շտապում են իրենց հասանելիքն արագ տուն հասցնել, բայց հերթ խախտել չկա. բեռնատարին են մոտենում իրենց անունը լսելուց հետո:
Գևորգ Պողոսյան (Ծաղկալանջի վարչական ղեկավար) - Էսօր եկել է 22 տոննա, ըստ ցուցակի բաժանում ենք, 122 հոգի գրվել է, որ ստանա:
Համլետ Ամիջանյան (Ծաղկալանջի բնակիչ) - Ես 10 պարկի համար եմ հերթագրված, բայց 5-ի համար եմ մուծել, 5 պարկն էլ հետո կվերցնեմ: 30 տարի ոչ մեկը մեզ չի օգնել:
Ուժասպառ հողից լուրջ շահույթ ստանալ հնարավոր չէ. բույսը նվազ է աճում, ասում են գյուղացիները: Հողի որակը բարձրացնելու միակ տարբերակն առայժմ պարարտացումն է: Հայթաղն ու Ծաղկալանջը Խոյ խոշորացված համայնքի գյուղերից են: Համայնքի մյուս՝ 15 գյուղում նույնպես մատակարարումն ընթացքի մեջ է: Սուբսիդավորվող պարարտանյութ կստանա Խոյ համայնքի ավելի քան 2600 շահառու:
Արգիշտի Մեխակյան (Խոյ համայնքի ղեկավար) - Այս պահին ունենք 431 տոննա կամ 8620 պարկ պարարտանյութ: Քանի որ Խոյ համայնքում կան շատ ջերմոցներ և պարարտանյութի կարիքն ավելի քան մեծ է, ուստի մատակարարներն ավելի ինտենսիվ են այն իրականացնում:
Խոյ համայքում 3 հա-ից ավելի հող ունեցողներ էլ կան. մոտ 10 տոկոս: Թեև աջակցության ծրագիրը փոքր ֆերմերային տնտեսությունների համար է, օգտվում են նաև խոշորները՝ սուբսիդավորվող պարարտանյութ ստանալով 3 հա-ի համար: