Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվառման արդյունքում Էմանուել Մակրոնը գերազանցել է Մարին Լը Պենին: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։
Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, նրա օգտին քվեարկել է 9,785,578 մարդ։ Լը Պենը հավաքել է 23,15 տոկոս, նրա թեկնածության օգտին քվեարկել է 8,136,369 քաղաքացի։
Այսպիսով՝ ընտրությունների երկրորդ փուլ են անցել երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնը և աջ ծայրահեղական, «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
Ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը 21,95 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը, նրա օգտին քվեարկել է Ֆրանսիայի 7,714,949 քաղաքացի։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է 73,69 տոկոս, ինչը ամենացածրն է 2002 թվականից ի վեր:
Առաջին փուլին մասնակցել է 12 թեկնածու, երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: