Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյան օրերս այցելել է Վանաձորի «ՎԱԲԱՏԵՔՍ ՍՊԸ» ընկերություն։ Նրան ուղեկցել են տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը և նախարարության աշխատակիցներ։
Ընկերության տնօրեն Տիգրան Ղարաջյանը ներկայացրել է իրենց գործունեությունը, առաջիկա ծրագրերը և առկա խնդիրները։
2017-ին հիմնված ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ՝ առաջարկելով տեղական արտադրության HDPE որակի (բարձր խտության պոլիէթիլեն) հակակարկտային ցանցեր և դրանց տեղադրման համակարգեր, իրականացնում այգիների ցանցապատման ամբողջական ինժեներական աշխատանքներ՝ արտադրելով նաև ցանցերի տեղադրման համար անհրաժեշտ հենասյուներ, որոնք երաշխավորում են համակարգի կայունությունը և բարձր դիմացկունությունը։
Ընկերության բարձրորակ արտադրանքը համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշներին. ընկերությունն ընդգրկվել է աշխարհում ցանցեր արտադրող ընկերությունների լավագույն տասնյակում: Ռաֆայել Գևորգյանը շրջել է ընկերության տարածքով, եղել է արտադրամասում, ծանոթացել սարքավորումներին և արտադրանքին (կարկտապաշտպան ցանցեր և սյուներ):
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ֆինանսական միջոցների ներգրավման կամ ներդրումների դեպքում հնարավոր կլինի ընդլայնել գործունեությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և ապահովելով մեծ ծավալի արտադրություն։ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է պետական աջակցության շրջանակներում տրամադրվող աջակցությունը և գործիքակազմը։
Նա նաև նշել է, որ նախարարությունը կարևորում է տեղական արտադրողին աջակցելն ու խրախուսելը և պատրաստակամ է օգնելու այն ընկերություններին, որոնք կարող են ապահովել մրցունակ տեղական արտադրություն։