ԶԵԼԵՆՍԿԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՑ
Ռազմական օգնության խնդրանքով Ուկրաինայի նախագահը դիմել է Սեուլին: Հարավկորեացի օրենսդիրներին ուղղված տեսաուղերձում՝ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ հիմա իր երկիրը գոյատևելու համար ավելի շատ օգնության կարիք ունի, այդ թվում՝ զինամթերքի տեսքով:
«Դուք ունեք այն, ինչ մեզ համար հիմա անփոխարինելի է»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Ռուսաստանը հենց այնպես կանգ չի առնի, պետք է ստիպել Մոսկվային կանգ առնել, այն էլ` զենքի ուժով:
Հարավային Կորեայի խորհրդարանում ելույթի ընթացքում Զելենսկին նշել է, որ ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է, որտեղ մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ մերժել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի՝ Կիևին հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրելու խնդրանքը։
ՌԴ-Ն ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում և զգուշացրել, որ գործողությունը կդադարեցվի միայն այն ժամանակ, երբ վերջնական համաձայնություն ձեռք բերվի:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան պատճառ չի տեսնում, թե ինչու Ռուսաստանը չպիտի շարունակի բանակցությունները Ուկրաինայի հետ: Լավրովի խոսքով՝ ուկրաինական կողմը ամեն անգամ խուսափում է, երբեմն մերժում այն, ինչ նոր է առաջարկել:
«Բայց մենք համբերատար և համառ մարդիկ ենք»,- ասել է Լավրովը:
Խոսելով Ռուսաստանի հատուկ գործողության նպատակի մասին՝ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ հատուկ գործողությունը կոչված է` վերջ դնելու միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների լիակատար գերիշխանության անշեղ ընդլայնմանն ու ուղեգծին։ Գերիշխանություն, որը կառուցվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոշակի կանոններով, որոնց վերաբերյալ պնդումներ հիմա են նրանք անում, և որոնք առիթից առիթ են մշակում, նշել է արտգործնախարարը:
Լավրովը չի բացառել նաև, որ ուկրաինացի զինվորականները՝ արևմտյան հետախուզական ծառայությունների անմիջական աջակցությամբ, նոր սադրանքներ են նախապատրաստում:
«Ռուսաստանը դրանց պատասխան կտա փաստերով»,- հայտարարել է Լավրովը:
ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՁԵՌՔ ՉԻ ԲԵՐՎԵԼ
Ռուսաստանի դեմ սահմանափակումների նոր փաթեթի մշակման և նավթի էմբարգոյի թեման այսօր քննարկվել է Լյուքսեմբուրգում՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում: Նիստից հետո, սակայն, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարման արգելքի վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել:
Ժոզեպ Բորելը մանրամասնել է, որ նախարարները քննարկել են, թե ինչպես պետք է ապահովեն գործող պատժամիջոցների արդյունավետությունը: Բորելը նաև նշել է, որ նախարարները պայմանավորվել են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային, մասնավորապես՝ զենքի մատակարարման նոր հոսք կլինի դեպի ՈՒկրաինա՝ երկրի արևելքում ռազմական գործողությունների սրման մտավախությունների ֆոնին:
«Անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինայի պաշտպանունակության վրա, սա այս պահին ավելի կարևոր է, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- նշել է դիվանագետը:
ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ ԴՌՆՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հանդիպումը, որն անցկացվել է փակ դռների հետևում՝ առանց լրագրողների. բանակցությունների արդյունքով մամուլի ասուլիս նույնպես հրավիրված չի եղել: Պուտինի հետ հանդիպումից հետո Ավստրիայի կանցլեր հայտարարել է, որ զրույցը շատ կոշտ էր, բայց՝ բաց և ուղիղ։
Նեհամերը Ռուսաստանի առաջնորդին փոխանցել է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ և ավելի կխստացվեն: Ավստրիացի կանցլերն առաջին եվրոպական առաջնորդն է, որ Ռուսաստան է այցելում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո: Երեկ Ավստրիայի կանցլերն այցելել էր Կիև, հանդիպել ՈՒկրաինայի նախագայի հետ:
ՎՐԱՍՏԱՆԸ ՌԴ ԴԵՄ ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏ ՉԻ ԲԱՑԻ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Վրաստանը Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների երկրորդ ճակատ չի բացի, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի պահպանել Վրաստանի խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև նպաստել նրա զարգացմանը։
Ռուսաստանի դեմ լրացուցիչ ճակատներ բացելու թեման առաջին անգամ շոշափել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։ Որպես օրինակ, թե որտեղ կարող են նման ճակատներ ստեղծվել, նա նշել է Կալինինգրադի մարզը, Կուրիլյան կղզիները, Մոլդովան և Հարավային Կովկասը։ Դանիլովը կարծիք էր հայտնել, որ ռազմական նման քայլը մեծ օգնություն կլինի Ուկրաինային։
ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Վիեննայի բանակցություններն ավելին են, քան պարզապես Իրանի և Միացյալ Նահանգների միջև եղած մի խնդիր»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակն ու տեղեկացրել, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունները շարունակվում են: Սաիդ Խաթիբզադեի խոսքով՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի դեռ չի բերվել, և բանակցությունները շարունակվելու են` «ըստ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ռազմավարության»։
Նա շեշտել է նաև, որ Իրանը բանակցությունների ընթացքում մինչ օրս չի հատել իր կարմիր գծերը: Վերջնական համաձայնության համար, ըստ նրա, անհրաժեշտ է, որ ամերիկյան կողմը ցուցաբերի բավարար քաղաքական կամք: