ԵԱՏՄ անդամ երկրներ ներմուծվող 900-ից ավելի անուն ապրանքների մաքսատուրքի դրույքաչափը կզրոյացվի: Որոշումը, սակայն, դեռ ԵՏՀ խորհրդի կողմից չի ստորագրվել: ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանի խոսքով, ցանկը երկու մասի է բաժանված, մի հատվածի վերաբերյալ որոշում է կայացնում խորհուրդը, մյուսի վերաբերյալ՝ կոլեգիան: Փոփոխությունները ներկայացնում է ԵՏՀ նախարարներից Արտակ Քամալյանը՝ ի դեպ, ռուսերեն, քանի որ դա է պահանջում հանձնաժողովի կարգը:
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ) - Սննդամթերքից ցանկում տեղ են գտել կարտոֆիլը, կաղամբը, հատապտուղները, տարեկանի, վարսակի սերմերը, բրինձը, ծիրանը... բավականին ընդգրկուն ցանկ է:
Ավելի սեղմ ցուցակի վերաբերյալ մաքսատուրքի զրոյացման որոշում ԵՏՀ խորհորդն ընդունել էր դեռ մարտի 17-ին, որով մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը արտոնություն էր տրվել պարենային և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքներին: Նոր ցուցակում, սննդամթերքից և դրանց արտադրության բաղադրամասերից բացի, հայտնվել են նաև փաթեթավորման նյութերը, քիմիական արտադրանքը, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար նախատեսված սարքավորումները, դեղագործական մոտ 150 արտադրանք, էլեկտրոնային 20-30 արտադրատեսակ և թեթև արդյունաբերության, շինարարության ոլորտների ապրանքների ու հումքերի մեծ խումբ:
Արտակ Քամալյան - Ինչով է պայմանավորված այս որոշումը, հիմնական պատճառն այն է, որ կարողանանք դրական ազդեցություն ունենալ ԵԱՏՄ-ի ներսում ձևավորվող գների վրա: Քանի որ դոլարային արտահայտության գները սկսում են բարձրանալ և ազգային արժույթները ևս, դոլարի նկատմամբ արժեզրկվում են անդամ բոլոր երկրներում, ինչ-որ չափով բացառություն է Հայաստանը, և այս ամենը ավտոմատ բերում է թանկացման: Եվ այդ թանկացումը մեղմելու համար Հանձնաժողովի խորհուրդը, իսկ վաղը նաև Հանձնաժողովի կոլեգիան կընդունեն համապատասխան որոշում, ըստ որի՝ ապրանքների տվյալ խմբի մաքսատուրքերի դրույքաչափերը կզրոյացվեն 6 ամսով:
Արտոնությունները ժամանակավոր են: Առաջիկա կես տարվա ընթացքում կդիտարկվի թե՛ տնտեսության վիճակը, թե՛ արտոնության ազդեցությունը: Արտակ Քամալյանի խոսքով՝ այս պահին դժվար է կանխատեսել տնտեսական վիճակը 6 ամիս հետո, ուստի որոշումը ժամանակավոր է, և միայն շուկայում ստեղծված իրավիճակից պարզ կլինի՝ մաքսատուրքերի զրոյացման արտոնությունը կերկարաձգվի՞, մասնակի՞ կկիրառվի, թե՞ կվերացվի: Այս պահին ԵՏՀ-ում քննարկում են ցանկն էլ ավելի ընդլայնելու հնարավորությունը:
Արտակ Քամալյան - Այսօրվա դրությամբ անդամ երկրները քննարկում են ևս 1100-ից ավելի ուղղություններով արտոնությունը ընդլայնելու հարցը: Ապրիլի 15-ին կրկին խորհրդի նիստ կլինի, որի ընթացքում այդ 1100-ի մի մասը հնարավոր է՝ ընդունվի:
Արտակ Քամալյանի խոսքով, Հայաստանի կառավարությունն ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Հայկական կողմը ներկայացրել է 400-ից ավելի ապրանքների ցանկը, որը ներմուծում է երրորդ երկրից, առաջարկով, որ այդ արտադրատեսակները ևս ներառվեն զրոյական մաքսատուրքի ցանկում: