Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքը:
Շինարարական աշխատանքների պատճառով նշված դպրոցի 610 աշակերտի ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով: 610 աշակերտից շուրջ 125 աշակերտ դպրոց է հաճախում 3 կմ-ից ավել հեռավորությունից, որը լուրջ դժվարություն է առաջացնում նրանց համար՝ ժամանակին դպրոց և դպրոցից տուն հասնելու հարցում:
Ելնելով ստեղծված իրավիճակից և հիմք ընդունելով Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի ներկայացրած դիմում-խնդրանքը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ստացել համաձայնություն՝ դպրոցի տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու և աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար:
Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի և Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության մասնագետների հաշվարկներով մինչև ուսումնական տարվա ավարտը՝ 46 օր երթևեկելու դեպքում, աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար կպահանջվի 920 հազար դրամ: