Արցախի կառավարությունը խոստացել է 3 տարում տանիքով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր տեղահանվածներին: Խոսքը 7 հազար բնակարանի մասին է: Այս նպատակով Ստեփանակերտում և շրջաններում լայն թափով բնակարանաշինություն է ընթանում:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Միշտ թերահավատ եմ, որ երբևէ բնակարանային խնդիրները կլուծվեն: Ես կարծում եմ, որ դրանք մշտական հարցեր են, բայց գոնե տեղահանվածների մասով հիմնական լուծումները 3 տարի հետո տրված կլինեն: Եվ կարծում եմ՝ դրանից հետո սոցիալական բնակարանաշինության պետք է անցնենք, որովհետև նախագահի ծրագրում էլ, տարբեր երկարաժամկետ ծրագրերում էլ դրված է բոլոր ընտանիքներին տնով ապահովելու հարցը:
Պետության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և բարեգործական միջոցներով Արցախում նաև նոր բնակավայրեր և թաղամասեր են կառուցվում: Տեղահանված Ավետարանոց գյուղի համար Այգեստանի հարևանությամբ 254 բնակելի տուն է կառուցվում:
Նաիրի Սարգսյան (Շինարարության պատասխանատու) -Արդեն ունենք գեոդեզիական կետեր՝ մնացած տների վրա աշխատանքները սկսելու համար: Բացի 254 տնից, գյուղը կունենա ադմինիստրատիվ թաղամաս:
Աշխատանքի ծավալով պայմանավորված՝ մասնագետներ են հրավիրվել Հայաստանից: Ստեփանավանցի մի խումբ վարպետներ այս տարի չեն մեկնել արտագնա աշխատանքի:
Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Դրախտիկ և Ազոխ համայնքները կհաստատվեն Ասկերանի շրջանի Նորագյուղի վարչական տարածքում: Իսկ ահա Ասկերանի շրջանի Սղնախ, Ջրաղացներ, Մադաթաշեն և Մոշխմհատ գյուղերի բնակիչները՝ Աստղաշենում:
Արսեն Հայրապետով (Արցախի Ջրաղացներ համայնքի ղեկավար) - Յուրաքանչյուր ընտանիք՝ ըստ իր կազմի, ունենալու է համապատասխան բնակմակերեսը: Այսինքն՝ տան քառակուսի մետրը համապատասխանելու է ընտանիքի կազմին: Իմ կարծիքով՝ շատ հարմար տներ են լինելու:
Քիչ չեն դեպքերը, երբ Արցախի կառավարությունը երկրորդային շուկայից բնակարան է գնում կամ տիրազուրկ տները նորոգում և տրամադրում է տեղահանված ընտանիքներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ այս տարի 500 բնակարան կգնեն այն քաղաքացիներից, որոնք 2 և ավելի տուն ունեն:
Հայկ Խանումյան - Այս ծրագիրը շատ եմ հավանում, որովհետև մեր այն համայնքները, որտեղ խնդիր ունենք բնակչության ավելացման, բավականին հարցեր են լուծում՝ հատկապես առաջին պատերազմից ավերված բնակֆոնդի, հին բնակֆոնդի վերականգման շնորհիվ: Այս առումով երևի առաջատարը Մարտակերտի շրջանն է:
Հովսեփավանի նոր թաղամասում էլ 92 առանձնատուն է կառուցվում: Ծրագիրն իրականացվում է բարերար Սերգեյ Համբարձումյանի հովանավորությամբ:
Հեղինակ` Նարեկ Սահակյան