ՖՐԱՆՍԻԱ
ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՅԻ ԳԾԱՆԿԱՐԸ ՓԱՐԻԶԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԿՎԱՃԱՌՎԻ ԱՌՆՎԱԶՆ 30 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ
Փարիզի «Քրիստի» աճուրդի տանը վաճառքի կհանվի Միքելանջելոյի՝ նախկինում անհայտ գծանկարը, որը գնահատվել է 30 միլիոն եվրո:
Իտալացի արվեստագետի բացառիկ ստեղծագործությունը մասնավոր հավաքածուում է եղել: Այն 1907 թվականին վաճառվել է Փարիզում և ներկայացվել որպես Միքելանջելոյի դպրոցի գործ:
Մինչև 2019 թվականն այս գծանկարը մոռացության է մատնված եղել, իսկ այդ թվականին «Քրիստիի» մասնագետներից մեկը հաստատել է, որ սա հենց Միքելանջելոյի ստեղծագործությունն է:
Սթայն Ալսթեյնս («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Այս գծանկարի բացառիկությունն այն է, որ դա արևմտյան արվեստի պատմության մեծագույն նկարիչներից մեկի ստեղծագործությունն է: Մասնավոր հավաքածուներում այժմ շատ քիչ կարելի է հանդիպել նրա ձեռքի գործերից:
Ենթադրվում է, որ այս գծանկարը Միքելանջելոյի վաղ շրջանի ստեղծագործություններից է, որը թվագրվում է 15-րդ դարավերջով: Ներկայացված է դողացող տղամարդ, որը պատկերված է Մազաչչոյի «Նորադարձների մկրտությունը» որմնանկարում: Գծանկարում նրա կողքին ևս երկու հոգի են կանգնած:
Այս գծանկարը ճանաչվել էր որպես Ֆրանսիայի ազգային հարստություն, ինչի համար 30 ամսով արգելվել էր դուրս բերել Ֆրանսիայի տարածքից: Սակայն վերջերս երկրի կառավարությունը հանել է այդ սահմանափակումը, ինչի շնորհիվ աճուրդի ժամանակ աշխարհի ցանկացած վայրում ապրող հավաքորդ կարող է այն ձեռք բերել:
Մայիսի 18-ին կայանալիք աճուրդից առաջ նախատեսվում է, որ գծանկարը կցուցադրվի Հոնկոնգում և Նյու Յորքում:
ԻՐԱՔ
ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԲԱՍՐԱՅԻ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ
Իրաքի Բասրա քաղաքում անցկացվել է հինգերորդ Ծաղիկների ցուցահանդեսը, որի նպատակն է խրախուսել քաղաքացիներին կանաչապատել իրենց այգիները: Միջոցառման մասնակիցները մեծ հաճույքով շրջել են «ծաղկե գորգերի» կողքով, լուսանկարվել դրանց հետնախորքին:
Հասան Ալդեհեր (թոշակառու ուսուցիչ) - Արդեն հոգնել ենք բետոնապատ քաղաքներից, որոնք լի են քարերով, փողոցներով ու ասֆալտով: Հուսով եմ`տեղական իշխանությունները կուժեղացնեն ջանքերը` քաղաքում ավելի շատ ծառեր տնկելու հարցում:
Կլիմայի փոփոխությունը, պատերազմական գործողությունները և նավթարդյունաբերությունը հանգեցրել են Բասրայի անապատացմանը: Մինչդեռ ժամանակին Բասրան հայտնի էր իր զբոսայգիներով, պտղատու այգիներով և արմավենու պուրակներով: Այս միջոցառման նպատակն է պայքարել Բասրայի անապատացման դեմ և վերականգնել երբեմնի կանաչապատ քաղաք լինելու համբավը:
Ցուցադրված ծաղիկներն այն տեսակներից են, որոնք կարող են դիմանալ եղանակային չոր պայմաններին: Ցուցահանդեսին մասնակցել է ծաղկի բիզնեսով զբաղվող ավելի քան 30 ընկերություն: Միջոցառման այցելուները կարող են ոչ միայն հիանալ ներկայացված ծաղիկներով, այլև գնել դրանք ու տնկել իրենց այգիներում:
ՍՈՒԴԱՆ
ԽՃԱՆԿԱՐԻ ՍՈՒԴԱՆՑԻ ՍԻՐԱՀԱՐԸ ԿՅԱՆՔ Է ՏԱԼԻՍ ԱՐՎԵՍՏԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՁԵՎԻՆ
Սուդանցի նկարիչ և խճանկարի սիրահար Աբու Բաքր ալ Շերիֆը 2010 թվականից արվեստի այս ձևը դասավանդում է կերպարվեստով զբաղվող ուսանողներին և բոլոր ցանկացողներին:
Մի երկրում, որտեղ խճանկարներն այնքան էլ տարածված և մատչելի չեն, Շերիֆը փորձում է գործակցել ինչպես նկարիչների, այնպես էլ ընկերությունների հետ՝ հանրային տարածքներն նշանավոր ազգային գործիչների խճանկարային դիմանկարներով հարստացնելու համար:
Աբու Բաքր Ալ Շերիֆ (խճանկարիչ) - Եթե յուրաքանչյուր ընկերություն որոշի ֆինանսավորել չորս ազգային կամ կրոնական գործչի չորս խճանկարը, և մենք որոշակի վայրեր ընտրենք դրանց համար, ապա մեր երկիրը հինգ-վեց տարի հետո կլցվի այդ աշխատանքներով:
Ստեղծելով խճանկարներ վերջին 17 տարիների ընթացքում՝ Շերիֆն ասում է, որ ստիպված է եղել սովորական քարի և ապակու փոխարեն օգտագործել կերամիկա, քանի որ այն ավելի մատչելի է:
Խճանկարային արվեստը դասավանդում են Սուդանի համալսարանի կերպարվեստի և կիրառական արվեստի ֆակուլտետում 2005 թվականից:
Չնայած Շերիֆի ջանքերին և ուսումնական ծրագրի ներդրմանը՝ խճանկարիչն ասում է, որ արվեստի այս ձևը հազվադեպ է Սուդանում, քանի որ այն ավելի տարածված է Հյուսիսային Աֆրիկայում և այլ շրջաններում, որոնք ժամանակին ենթարկվում էին Հռոմեական կայսրությանը:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ՝ ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
Հարավային Կորեայի նավահանգստային Բուսան քաղաքում անօդաչու սարքերի շոուներ են բեմադրվել՝ Ուկրաինայի հետ համերաշխության ուղերձը ներկայացնելու նպատակով:
Հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր են թռել ուկրաինական դրոշների և խաղաղության վերաբերյալ հաղորդագրությունների տեսքով, դրանցից են Գվանգալի լողափին աղավնու պատկերումը կամ «Ո՛չ պատերազմին» կարգախոսը: Շոուի համար օգտագործվել է, ընդհանուր առմամբ, 500 դրոն:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆԻ ԿՈՐԱԾ ՆՈԹԱՏԵՏՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ
Բրիտանացի բնագետ Չարլզ Դարվինին պատկանող երկու նոթատետր, այդ թվում՝ մեկը, որը պարունակում է նրա հանրահայտ Կենաց ծառի էսքիզը, վերադարձվել է Քեմբրիջի համալսարանի գրադարան՝ անհայտ հանգամանքներում դրանց անհետացումից ավելի քան 20 տարի անց:
Նոթատետրերը բավականին լավ վիճակում են հայտնաբերվել, դրանք դրված են եղել նվերների տոպրակի մեջ, որն ինչ-որ մեկը թողել է Քեմբրիջի համալսարանի 17- հարկանի շենքի 4-րդ հարկում գտնվող գրադարանի հատակին, որտեղ տեսահսկում չի իրականացվում։ Իսկ տոպրակի վրա գրված է եղել. «Գրադարանավար, շնորհավոր Սուրբ Զատիկ»: Փաստորեն այս նոթատետրերն ինչպիսի խորհրդավոր պայմաններում անհետացել էին, նույնպիսի խորհրդավոր պայմաններում էլ վերադարձվել են:
Դրանք հանրությանը ներկայացվելու են հուլիսին՝ Դարվինին ու նրա գիտական գործունեությանը նվիրված հատուկ ցուցադրության շրջանակներում։
Դարվինն էվոլուցիոն ծառի մասին իր պատկերացումները ներկայացրել է 1837 թվականին, մեծ շրջագայությունից հետո: Դրանից միայն երկու տասնամյակ անց նա հրապարակել է իր հայտնի «Տեսակների ծագումը» գիրքը:
Ջիմ Սեքորդ (պատմաբան) - Դրանք գիտության ամբողջ պատմության ամենաուշագրավ փաստաթղթերից են: Բնական ընտրության և էվոլյուցիայի տեսությունը, հավանաբար, կյանքի և Երկրի բնապահպանական գիտությունների միակ ամենակարևոր տեսությունն է, և սրանք այն տետրերն են, որոնցում հավաքվել է այդ տեսությունը:
Նոթատետրերը հայտնի են որպես «Փոխակերպման նոթատետրեր», քանի որ Դարվինը դրանցում առաջին անգամ տեսություն է ներկայացրել, թե ինչպես կարող են տեսակները «փոխակերպվել» նախնիներից ավելի ուշ ձևերին:
Եվ չնայած այս անգին գանձերը գտնվել են, դրանց անհետացման փաստով ոստիկանության հետաքննությունը շարունակվում է:
ՖՐԱՆՍԻԱ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից երեք տարի անց, այսպես կոչված, «Աուգմենտիկ իրականության» օգտագործմամբ ցուցադրությունը հնարավորություն կտա մարդկանց ոչ միայն տեսնելու, թե ինչպես են ընթանում վերականգնման աշխատանքները, այլև ճանապարհորդելու ժամանակի միջով` բացահայտելու 850-ամյա տաճարի պատմությունը:
Փարիզի Histovery` «Պատմություն» կոչվող ստարտափի նախագծած ցուցահանդեսը ներկայացնում է քսան կարևոր իրադարձության 360° 3D վերակառուցումը, այդ թվում՝ Նապոլեոն կայսեր թագադրումը 1804 թվականին:
Բրունո Դե Սա Մորեյրա (Histovery-ի համահիմնադիր) - Մարդիկ կճամփորդեն՝ ընկղմվելով ժամանակի մեջ, որպեսզի կարողանան հայտնվել պատմական անցքերի կենտրոնում: Դրանք մենք վերստեղծում ենք 3D և թվային տեխնոլոգիաների շնորհիվ:
Յուրաքանչյուր այցելուի տրվում է HistoPad՝ պլանշետ, որով կարելի է դիտել «Աուգմենտիկ իրականության» պատկերներն ու տեսանյութերը:
Ապրիլի 23-ից ցուցահանդեսը կտեղափոխվի Վաշինգտոն, իսկ մինչև 2024 թվականը կշրջի աշխարհի 12 երկրի մայրաքաղաքներում:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՋԻՆ
Երկու տարվա քովիդյան խիստ սահմանափակումներից հետո Սաուդյան Արաբիայում այս տարի մեկ միլիոն մարդու թույլ կտան մասնակցել Հաջի ուխտագնացությանը:
Ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս անգամ օտարերկրացի հավատացյալները նույնպես հնարավորություն կունենան միանալու ուխտավորներին:
Այս տարի Մեքքա ուխտագնացները պետք է լինեն մինչև 65 տարեկան և կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված:
Արտերկրից ժամանած մասնակիցները պետք է ներկայացնեն Քովիդ-19-ի թեստի բացասական արդյունք և պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները:
Հատկանշական է, որ անցած տարի ընդամենը 60 հազար մարդ է մասնակցել Հաջին: Մինչդեռ նախաքովիդյան շրջանում Մեքքա ուխտագնացների թիվն անցնում էր 2.5 միլիոնից:
ԱՄՆ
ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՀԵՂԵՂԵԼ ԵՆ ԼՈՂԱՓԵՐԸ
Հարավային Կալիֆոռնիայում լողափերը լեփ-լեցուն են, քանի որ նահանգում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել:
Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա անկլավի լողափին մարդիկ սերֆինգ են անում 33-35 աստիճան ցելսիուսի պայմաններում, ինչն ապրիլ ամսվա համար աննախադեպ ցուցանիշ է:
Փիթեր Մունի (Լոս Անջելեսի բնակիչ) - Շատ գեղեցիկ է ամեն ինչ, իհարկե նաև մի փոքր անհանգստացնող է: Հույս ունեմ, որ սա սովորական ջերմաստիճան չի դառնա: Այդուհանդերձ, լողափին հաճելի ժամանակ անցկացնելու համար շատ հաճելի եղանակ է:
Լոս Անջելեսի բնակիչները թեև խոստովանում են, որ ապրիլ ամսվա համար սա մի փոքր արտասովոր շոգ է, բայց ուրախ են, որ կարողացել են գալ օվկիանոսի ափ, լողալ, մաքուր օդ վայելել և հաճելի ժամանակ անցկացնել: