Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Նրանք Կարմի խաչի միջոցով կապ են հաստատել հարազատների հետ:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով: Ինչպես սովորաբար, այնուհետև նամակները կամ ուղերձները փոխանցվում են ընտանիքներին Հայաստանում մեր Երևանի պատվիրակության աշխատակիցների միջոցով: Փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը մեր տեսակցությունների: Դա շարունակելի է, քանի դեռ անձինք անազատության մեջ են:
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է 38 անձի գերեվարումը: Մարդասիրական կառույցից տեսակցել են նրանց բոլորին: Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են: Ամատունու խոսքով՝ հերթական այցերի նպատակն է հետևել այդ անձանց վիճակին:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - 37-ի մասով կան ավարտված դատավարություններ, դատական ակտեր, մեկի մասով դեռ կայացված չէ ակտ: Հիմնական մասը վերաբերում է Խծաբերդի միջադեպին: ՄԻԵԴ-ի կողմից գործի քննարկումը ընթացքում է, նոր զարգացումների սպասում ենք: Միաժամանակ, դեռևս ստանում ենք դիմումներ, որոնք վերաբերում են անհետ կորածներին, որոնողական գործողությունների արդյունքում նոր դիեր, մասունքներ չեն հայտնաբերվում, միաժամանակ, չունեն ԴՆԹ համընկնում, նրանց զավակների ճակատագիրը մնում է անհայտության մեջ: Տեղեկատվություն կրողը բացառապես Ադրբեջանի իշխանություններն են, ուստի շարունակում ենք դատական գործեր ներկայացնել Եվրադատարան:
Բրյուսելում հանդիպումներն ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ Արցախյան երկու պատերազմներից հետո 985 անձի գտնվելու վայրն անհայտ է, 208-ը 44-օրյա, 777-ը՝ առաջին պատերազմից: Շարունակվում է նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը: Կարմիր խաչի կոմիտեն աջակցում է գործընթացին, որպես մարդասիրական միջնորդ կողմ. այս ընթացքում մասնակցել է 350 գործողության: Աշխատում են նաև պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքների հետ՝ գնահատելով կարիքները:
Զառա Ամատունի - Ե՛վ 90-ականներից, և՛ 2020-ից որոնում են հարազատներին: Մեծ հարցաշար է, դրա արդյունքում պլանավորում ենք պատրաստել վերլուծություն: Առաջարկների փաթեթ կլինի, որոնք կքննարկվեն պատկան մարմինների հետ:
Փաստաբանական խումբն ունի ևս 80 անձի հնարավոր գերության վերաբերյալ հիմնավոր ապացույցներ: Պատերազմից 1,5 տարի անց նրանց դիերը չեն հայտնաբերվել:
Սիրանուշ Սահակյան - ԴՆԹ համընկնումներ չեն եղել, ուստի հիմնավոր գերեվարման դեպքեր են: Որոշակի մտահոգություններ կան, որ բռնի անհետացել են: Երբ ճակատագրերը անհայտ էն, թիվն անփոփոխ է, նոր տեղեկություններ չկան:
Գործի քննության վաղ փուլում թե՛ ՄԻԵԴ-ը, թե՛ Հաագայի դատարանը, գերիների անհապաղ ազատման միջոց չեն կիրառել:
Հայկական կողմն ակնկալում է, որ վերջնական դատական ակտերով ՄԻԵԴ-ը արձանագրելու է այնտեղ պահվող տղաների ազատության իրավունքի խախտումը, դատապարտումները գնահատելու է ապօրինի և պահանջելու է անհապաղ հայրենիք վերադարձնել Բաքվում պահվող բոլոր հայերին: