Քաղաքական շաբաթը սկսեց չորեքշաբթի Բրյուսելում՝ Հայաստանի, Ադրբեջանի և եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմամբ: Փաշինյանի ու Ալիևի հետ առանձնազրույցներից ու եռակողմ հանդիպումից հետո Շարլ Միշելը լավատեսորեն էր տրամադրված ու ակնարկեց՝ խաղաղության համաձայնագրին մոտենալու քայլ է արվել: Խոսքը սահմանազատման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման մասին է:
Արդեն Երևանում վարչապետ Փաշինյանը որոշ փակագծեր բացեց հանդիպումից: Հայաստանը ընդգծել է՝ սկզբունքային են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը:
Շաբաթվա հաջորդ հանդիպումը Մոսկվայում էր՝ Լավրով-Միրզոյան ձևաչափով: Երկու երկրների գլխավոր դիվանագետների հանդիպման առանցքային պահերից էր Լավրովի հայտարարությունը, որ ամերիկացիներն ու ֆրանսիացիները՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով, հրաժարվել են շփվել Մոսկվայի հետ նաև ԼՂ կարգավորման համար ստեղծված եռանախագահության շրջանակում: Ավելի ուշ, «Լուրերի» հարցմանն ի պատասխան, Վաշինգտոնից Հայաստանին ու Ադրբեջանին հորդորեցին օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից, իսկ իրենք պատրաստ են աջակցելու նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իրենց կարողությունների շրջանակում:
Շաբաթվա վերջում էլ հեռախոսով զրուցեցին Փաշինյանն ու Պուտինը, Պուտինն ու Ալիևը: Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղության տանող գործընթացներին: Ենթադրաբար, հենց այդ հարցն էլ կլինի ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգի առանցքում: