«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբից մինչև բնակարանի նկուղից Պաբլո Պիկասոյի 2 մլն դոլար արժողությամբ նկարի գողություն: Արտակարգ իրավիճակների նախարարությանը և ոստիկանությանը կեղծ ահազանգ տված անձանց մտքի թռիչքն է: Դատական տեղեկատվական համակարգում կեղծ կանչի դեպքով գործերը բազմաթիվ են: Ահա դրանցից մեկը.
Datalex
«Ժամը 05:45-ին 1-04 հեռախոսահամարով զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ բնակարանում գազի արտահոսք է տեղի ունենում: Վթարային ծառայության հատուկ նշանակության ջոկատը, մեկնելով տվյալ հասցեն, պարզել է, որ չափահաս բնակիչը, ակնհայտորեն գտնվելով ոչ սթափ վիճակում, զվարճանում է` զանգահարելով հատուկ ծառայություններին և կեղծ ահազանգեր տալով, որից հետո, կոպիտ կերպով ու անպատվելով, իրենց դուրս է հանել տնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացին միաժամանակ զանգահարել է 1-02 հեռախոսահամարով և հայտնել, թե, իբր, տան նկուղից գողացվել է Պաբլո Պիկասոյի 2 մլն դոլար արժողությամբ նկարը: Մեկնած ոստիկանության վերակարգը պարզել է, որ տրվել է ակնհայտ կեղծ կանչ, որը չի համապատասխանում իրականությանը»:
Տեղադրված ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգ հնչեցնողների «սիրելի» վայրերն են հատկապես Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ու մեր երկիր ժամանող օդանավերը: Դրանցում տեղադրված ռումբի մասին ամենաթարմ ահազանգը գրանցվել է օրեր առաջ:
ԱԻՆ
«Մարտի 22-ին՝ ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված: Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել»:
Ռումբեր չեն հայտնաբերվել նաև ապրիլի 8-ին Երևանի «Մետրոնոմ» և «Ռոսիա» մոլերում: Կեղծ ահազանգի հեղինակների ինքնությունը ոստիկանությունը դեռ չի բացահայտել:
Զարզանդ Գաբրիելյան (ՀՀ ոստիկանության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ) - Էս պահին բոլոր դեպքերով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության տարածքային բաժիններում:
Հրշեջ պահպանության, ոստիկանության, շտապօգնության և մյուս հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչի համար նախատեսված պատժաչափը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով: Արարքն առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 20 տոկոսի չափով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան