Ալյոնա Պետրովա (YellowRockets ընկերության գործընկեր) - Արդեն 1 ամիս է՝ այստեղ ենք:
Սամարայից Երևան տեղափոխված Ալյոնան Այ Թի ոլորտի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներից է: Ընկերությունը, որտեղ աշխատում է մասնագետը, մայրաքաղաքի կենտրոնում մասնաճյուղ է բացել, արդեն 30 աշխատակից ունեն:
Ալյոնա Պետրովա - Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների շատ լավ համայնք կա, գրեթե ամեն շաբաթ տարբեր հանդիպումներ ենք անցկացնում նրանց հետ, շատ հետաքրքիր է, ինձ դուր է գալիս, և գործակցության հեռանկար կա:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մեծ թվով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների տեղափոխվեցին տարբեր երկրներ: Մեծ հոսք գրանցվեց նաև դեպի Հայաստան՝ գործունեությունն այստեղ շարունակելու որոշում են կայացրել թե՛ ոլորտի ընկերությունները, թե՛ անհատ մասնագետներ:
Հայկ Մարգարյան (ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն) - Մի քանի հազար նոր ընկերություններ դրսից գրանցվել են վերջին ամսում: Իհարկե, անհատները շատ-շատ են, բայց արդեն կան մի շարք խոշոր ընկերություններ, որոնք հարյուրներով իրենց աշխատակիցներին տեղափոխում են Հայաստան: Ոչ թե տեղափոխում են, այլ բացում են նոր օֆիսներ և ուզում են մի քիչ լայնացնեն շուկան:
Բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է համարվում, և այս ոլորտում մեծ ներուժ կա՝ նշում է Հայկ Մարգարյանը: Երևանում թե՛ բիզնեսի, թե՛ անհատների հետ շփումներում հասկացել են՝ մարդկանց դուր է գալիս մեր երկիրն ու այս ոլորտում առկա հնարավորությունները:
Հայկ Մարգարյան - Մեզ համար այս մեծ հնարավորությունը պետք է օգտագործենք, որովհետև տարբեր երկրից ով գալիս է մեզ մոտ, իրենք նաև բերում են նոր բիզնես կուլտուրա, նոր շփվելու կուլտուրա: Դա տալիս է մեզ մեծ փորձ, որ դա ինտեգրենք մեր երկրի կորպորատիվ մշակույթին, ու մեր ներկա Այ Թի ընկերությունները շատ ուրախ են իրենց հետ համագործակցությամբ:
Հայաստան ժամանած մասնագետները հիմնականում մեծ ընկերություններում աշխատելու փորձ ունեն, դա կարող է նպաստել տեղական շուկայում մրցակցության աշխուժացմանը: ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններից մեկի տնօրեն Նարեկ Վարդանյանի համոզմամբ՝ նոր մասնագետների ներուժի ճիշտ օգտագործման դեպքում կշահեն թե՛ ոլորտը, թե՛ ընդհանուր Հայաստանի տնտեսությունը:
Նարեկ Վարդանյան («Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն) - Խոսում են մոտավորապես 10 հազար մասնագետի ներհոսքի մասին, հա՛, սա բավականին լուրջ թիվ է, քանի որ Հայաստանում այսպես տեղեկատվական համայնքը ու մասնագետների քանակը բավականին սուղ են ու համարվում են փոքր համայնք: Ու էս ներհոսքով, կարելի է ասել, կրկնապատկվում է աշխատաշուկան, մինչև այս պահը, քանի որ մեծ պահանջարկ կար որակավորված մասնագետների, տարբեր ընկերություններ տարբեր աշխատակիցների այսպես իրարից էին փախցնում: Իսկ հիմա սա նաև հնարավորություն է, որպեսզի էդ պահանջարկը լրացնենք նման մասնագետներով:
Հայաստան ժամանած մասնագետների մեծամասնությունը այստեղ երկարաժամկետ հաստատվելու վերջնական որոշում դեռ չունի, հյուրընկալությունից գոհ են, պետական մարմինների աջակցությունից՝ նույնպես, սակայն առաջիկա ամիսների ընթացքում կկողմնորոշվեն՝ մնալ, թե վերադառնալ:
Ալյոնա Պետրովա - Կարծում եմ՝ Հայաստանը լավ ներուժ ունի, պետությունը լավ է տրամադրված, աջակցում է մեզ, տարբեր արտոնություններ տալիս: Դե, իսկ ձեր երկիր ժամանածներն էլ Ռուսաստանի լավագույն ծրագրավորողներն են, նրանք հենց այստեղ ստեղծում են նոր ենթակառուցվածք: Հետևաբար, եթե մենք հիմա այս ամենը դարձնենք համակարգային, ոլորտը կարող է թռիչքային աճ գրանցել:
Լավ ինտերնետ, հարմարավետ պայմաններ, հյուրընկալություն՝ սրանք այն գործոններն են, որոնք միանշանակորեն նպաստելու են, որ առաջիկայում ևս ՏՏ ոլորտում աշխատողների հոսքը Հայաստան շարունակվի:
Ալյոնա Պետրովա - Մեծ դեր ունի համեղ խոհանոցը, նման հյուրընկալությունը, կարծում եմ՝ այն անկեղծ մթնոլորտում, որ մեզ դիմավորում են տեղացիները, նաև հաջողության գրավական է, որ մարդիկ այցելեն այստեղ: Մենք ուզում ենք այստեղ ստեղծել այնպիսի համակարգ, որ հնարավոր լինի լավ նախագծեր իրականացնել միջազգային շուկայի համար:
Հայկ Մարգարյանի խոսքով՝ ճիշտ տեղեկատվական աշխատանք կատարեցին թե՛ պետական մարմինները, թե՛ մասնավոր ընկերությունները, դրա համար էլ հիմա Հայաստան եկողները գրեթե ամբողջությամբ պատկերացնում են՝ ո՛ւր են գալիս և ի՛նչ կարելի է ակնկալել:
Հայկ Մարգարյան - Շատերը իրենց գործընկերներին մեր երկրի հնարավորությունների վերաբերյալ բավական լավ կարծիքներ են հայտնել, ու գործընկերներն իրենք էլ են ուզում փորձնական գալ Հայաստան, տեսնել այստեղ միջավայրը ու որոշում կատարել՝ մնալ, թե չէ:
Թե որքան դեռ կավելանա Հայաստան այցելող ՏՏ ոլորտի ներկայացուցիչների թիվը՝ կանխատեսումները տարբեր են, բայց մասնագետներն արձանագրում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում արդեն մեծ խթան է ստացել:
Հեղինակներ՝ Նիկոլայ Ավետիսյան, Նորայր Շողիկյան