Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ անտեղի է համարում իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հրավերը՝ այցելելու Բուչա: Պատճառը, նրա խոսքով՝ Վրաստանի նկատմամբ Կիևի քաղաքականությունն է:
«Ես կցանկանայի, որ Ուկրաինայի իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ամբողջությամբ կիսեին այն վճռական աջակցությունը, որը ցուցաբերում են Վրաստանի իշխանություններն ու վրաց ժողովուրդն Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- նշել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ երկու երկրների գործընկերությունը և Կիևին Թբիլիսիի ցուցաբերած աջակցությունն արժանի չեն Ուկրաինայի բարձրաստիճան անձանց կողմից Վրաստանի ժողովրդին իշխանությունից տարանջատելու փորձերին, երկրորդ ճակատ բացելու պահանջներին, դիվանագիտական դեմարշներին, մաքսանենգության համար և այլ հարցերում մեղադրանքներին։ Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ երկրների միջև նման չպարզաբանված հարցերի առկայության պայմաններում Բուչա այցելելու պաշտոնական հրավերը տեղին չէր:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խորհրդակցությունների համար հետ է կանչել դեսպանին Թբիլիսիից: