Թէև 20-րդ դարու սկիզբը` նախաեղեռնեան շրջանին, Հալէպի մէջ հրատարակուած են հայկական թերթեր և յետեղեռնի առաջին տարիներուն նոյնիսկ լոյս տեսած են հայկական օրաթերթեր և այլ պարբերականներ, սակայն վերջին տասնամեակներուն սուրիահայ համայնքի միակ թերթը դարձաւ «Գանձասար»ը, որ այսօր երեսուն տարեկան է:
Զարմիկ Չիլաբոշյան-Պողիկյան (Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր) - Սկիզբը ծնունդ առած է «Օշական» պարբերաթերթը, Բերիոյ Հայոց Թեմի որպէս պաշտօնական բանբեր: 1993-ին սկսած է լոյս տեսնել պաշտօնապէս որպէս թերթ «Գանձասար» անունով, որովհետև այդ տարիներուն Արցախեան պատերազմի տարիներն էին, մեր յաղթանակի տարիներն էին և որպէս խորհրդանիշը մեր մշակոյթին Արցախի Գանձասար վանքի անունով մկրտուած է թերթը:
1992-1993 տարիներուն, Բերիոյ Հայոց Թեմի անունով թերթ հրատարակելը անհրաժեշտութիւն դարձաւ: Նախապատրաստական աշխատանքները ընթացք առին և լոյս տեսաւ թերթի առաջին թիւը՝ խմբագրութեամբ Խաժակ Մկրտիչեանի, որմէ ետք յաջորդաբար խմբագրութիւնը ստանձնեցին Մարի Մերտխանեան, Խաչիկ Շահինեան և Զարմիկ Պողիկեան:
Զարմիկ Չիլաբոշյան-Պողիկյան - «Գանձասար»ը սուրիահայութեան միակ հայկական թերթն է, քանի մը կարևոր յատկանշական դերակատարութիւն ունի սուրիահայութեան կեանքին մէջ, առաջինը որ հայատառ թերթ է, որ կը մտնէ իւրաքանչիւր տուն, կոչուած է նաև կամուրջը հանդիսանալու սուրիահայութեան և հայրենիքի միջև, ինչպէս նաև սուրիահայութեան և սփիւռքահայ աշխարհի մէջ: «Գանձասար»ի մէջ լոյս կը տեսնէ թէ սփիւռքահայ թէ հայրենի գրողներու յօդուածներ:
2011-2017 Սուրիոյ պատերազմի ամենածանր տարիներուն «Գանձասար» շաբաթաթերթը դարձաւ համայնքի իրավիճակը արտացոլող միակ թերթը: Հակառակ ապահովական, տնտեսական ու ծառայողական չափազանց ահաւոր պայմաններուն, թերթը անխափան լոյս տեսաւ՝ դառնալով այդ ժամանակաշրջանի սուրիահայ կեանքի պատմութիւնը սերտողներու հաւաստի աղբիւրը: «Գանձասար»ը ունի մանկապատանեկան բաժին, գրական յաւելուածներ և իւրաքանչիւր տարուան սկիզբը նաև Ապրիլ ամսուն լոյս կ՛ընծայէ բացառիկ թիւեր:
Նուշիկ Սողոյան-Առաքելյան (Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի սրբագրիչ) - Մենք կը հետևինք արևմտահայերէնի մեսրոպեան աւանդական ուղղագրութեան, շատ զգոյշ ենք այս գծով, որովհետև «Գանձասար»ը արևմտահայերէնի պահպանման ամէնէն կարևոր ազդակներէն մէկն է, որ կը մտնէ ամէն հայ տուն և հայ դպրոց:
Օրէ օր կը բարձրանան արտերկրէն և համացանցի ճամբով «Գանձասար»ի հետևորդներուն թիւերը:
Ավո Պողոսյան (Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքի պատասխանատու) - «Գանձասար»ը ունի նաև իր կայքէջը 2005-էն ի վեր, որ մեր պատուհանն է բացուող հայ աշխարհին: Մենք հետևորդներ ունինք աշխարհի չորս կողմերէն, որոնք մեծապէս հետաքրքրուած են սուրիահայ, յատկապէս հալէպահայ մայր գաղութի լուրերով:
Խմբագիրը շեշտադրեց թերթին առաքելութիւնը, որպէս մարդուժի պատրաստութեան դարբնոց, նշելով, որ խմբագրատան մէջ կայ այն պարարտ հողը, ուր կարելի է պատրաստել ապագայ գրողները, լրագրողները, մտաւորականները:
Անդրադառնալով առցանց ու տպագիր մամուլի այսօրուան մրցակցային իրավիճակին, խմբագիրը կարևորեց տպագիր տարբերակը պահելը:
Զարմիկ Չիլաբոշյան-Պողիկյան - Թէև առցանց մամուլը գերակշռող է, և տպագիրը տեղի տուած է առցանց մամուլի դիմաց, սակայն սուրիահայ մեր իրականութեան մէջ տակաւին տպագիր մամուլը իր կարևորութիւնը ունի երկու պատճառով, նախ որովհետև արխիւ է, երկրորդ որովհետև տպագիր մամուլի մէջ աշխատանքը աւելի բծախնդիր կ՛ըլլայ և մարդիկ կ՛ուզեն շօշափելի թերթ ունենալ ձեռքին:
«Գանձասար»ը կը տպուի ազգային տպարան «Արևելք»ի մէջ: Շաբաթաթերթը իր երեսնամեայ գործունէութեան ընթացքին յաջողած է դառնալ Միջին Արևելքի հայկական մամուլի կարևոր ներկայացուցիչներէն մէկը: