Միքայել Հարությունյան - Երևան եմ եկել Ուկրաինայի Օդեսա քաղաքից: Այնտեղ ծնվել ու մեծացել եմ, ապրել եմ 15 տարի: Ուկրաինայում ներկայիս իրավիճակով պայմանավորված ստիպված էի տեղափոխվել:
Միքայելն ընտանիքի հետ Հայաստանում է հաստատվել մոտ 3 շաբաթ առաջ: Արդեն մի քանի օր է՝ սովորում է Երևանի Մայակովսկու անվան դպրոցի 9-րդ դասարանում: Հայերեն մի քիչ կարդալ է սովորել: Ասում է՝ դասընկերներն իրեն ջերմ են ընդունել, արդեն ընկերացել են ու խոսելու ընդհանուր թեմաներ ունեն:
Միքայել Հարությունյան - Ուսուցիչներն էլ բավականին լավն են, մատչելի բացատրում են:
Նույն դասարանում նորեկ կա նաև Ռուսաստանից: Մաքսիմը, որ շատ խոսել չի սիրում, մի քանի խոսքով պատմեց.
Մաքսիմ Լեոնտև - Մոտավորապես չորս շաբաթ առաջ ժամանել ենք Պետերբուրգից: Նույնպես պատերազմի պատճառով: Այստեղ վատ չէ, բոլորը բարի են:
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Մայակովսկու անվան դպրոցը 34 աշակերտ է ընդունել: Նրանք Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ են: Երկուսը՝ ազգությամբ հայ: Նոր աշակերտների մեծ մասը տարրական դասարաններում է սովորում:
Անուշ Ալեքսանյան (Երևանի Մայակովսկու անվան դպրոցի մեթոդմիավորման նախագահ, հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի) - Մեր դպրոցում ռուսերենով ուսուցմամբ դասարաններն ավելի շատ են, քան հայերեն դասարանները: Երևի դա է պատճառներից նաև գլխավորը, որ մենք տեղեր ունեինք ռուսերեն դասարաններում:
Ռուսերեն ուսուցմամբ դասարաններում այդ լեզվով են դասավանդվում բոլոր առարկաները, բացի «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաներից:
Անուշ Ալեքսանյան - Նաև հայոց լեզվի, գրականության ուսուցիչները ունեն ռուսական կրթություն, և շատ մատչելի կարողանում են շփվել երեխաների հետ: Նոր եկած երեխաների համար մենք ստեղծել ենք հայոց լեզվի, գրականության ուսուցիչներով մասնագիտական թիմ, կազմել ենք հատուկ թեմատիկ պլան, որով ուսուցանում ենք երեխաներին տառերը, տառաճանաչությունից սկսած, մինչև կարողանանք հասցնել այն մակարդակին, որն անհրաժեշտ է դպրոցում ուսանելու համար:
Ալեքսանյանն ասում է՝ օտարերկրացիների ուսուցումը կազմակերպելու ընթացքում խնդիրներ չեն առաջանում: Այստեղ մշտապես են արտերկրից սովորողներ ընդունվում, և նրանց հետ աշխատելու հարուստ փորձ ունեն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալով՝ Հայաստանի դպրոցներից 45-ն ունեն ռուսերեն ուսուցմամբ դասարաններ: Այդ դասարաններում սովորողների թիվը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում մարտի 30-ի դրությամբ ավելացել է 57-ով: Նրանց մեծ մասն ընդունվել է երևանյան դպրոցներ: Հայաստանում ուսուցման լեզուն հայերենն է, բայց օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները կարող են ընտրել իրենց երեխայի ուսուցման լեզուն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան