Պարեկային գնդում նոր մեքենա է շրջում՝ էլեկտրական: Չինական «Հոզոն» մակնիշի էլեկտրամոբիլը փորձարկվող արդեն երրորդ մեքենան է: Նախ՝ մեքենան ուսումնասիրում, ապա նաև ընթացքի մեջ է ստուգում Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
Թեստ դրայվի մասնակցած նախորդ երկու մոդելները հանրությանն ավելի ծանոթ են՝ առաջինը «Տեսլա» մոդել 3-ն էր, երկրորդը՝ «Ֆոլքսվագեն ID.4»-ը:
Արթուր Ումրշատյան (ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ) - Էստեղ հատկանշական է մի բան, ըստ էության, պարեկային ծառայությանը և առհասարակ ոստիկանության յուրաքանչյուր ծառայությանը պետք են ավտոմեքենաներ, որոնք անխափան կաշխատեն: Մեզ համար կարևոր է, որ ավտոմեքենաները իրենց որակով, պրակտիկությամբ լինեն անխափան աշխատող:
Էլեկտրամոբիլը իր մեկօրյա ծառայությունը սկսում է ինչպես մյուս պարեկային կարգախմբերը՝ առավոտյան 8.00-ին: Երթուղում կլինի 8 ժամ:
Փորձարկման նախաձեռնությունը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ինն է: Դեմ չէ նաև Կառավարությունը, որի 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում էլեկտրամոբիլների խթանումը առաջնահերթություն է: Կանաչ տրանսպորտին անցնելը նախատեսվում է առաջին հերթին պետական համակարգում: Պարեկայինը մեքենա շահագործող պետական ծառայությունների թվում առաջատարներից է:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող) - Հիմնականում փորձարկումների նպատակն է հասկանալ, թե ռեալ ծառայության մեջ էլեկտրամոբիլի ակումուլյատորը ինչքան կձգի, կամ մեկ հերթափոխի վրա էլեկտրամոբիլի ակումուլյատորի քանի տոկոսը կհերիքի:
Նախորդ երկու փորձարկումների արդյունքում արդեն որոշակի թվային պատկեր է ձևավորվել: Նախ՝ վառելիքի ծախսը. ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էլեկտրամոբիլները 9-10 անգամ ավելի շահավետ են բենզինային շարժիչի համեմատ: Կանաչ մեքենան չունի յուղ, ֆիլտրեր և այլ պահեստամասեր, որոնք բնորոշ են բենզին-դիզելային մեքենաներին, անգամ արգելակման կոճղակները մի քանի անգամ ուշ են շարքից դուրս գալիս:
Դանիել Իոաննիսյան - Մենք ուսումնասիրել ենք նաև այլ երկրների փորձը, որոնց ոստիկանություններն անցել են էլեկտրամոբիլների: Շատ են, ասեմ, որ չկա այնպիսի երկիր, որտեղ ոստիկանությունն անցած լինի էլեկտրամոբիլի, և փոշմանած լինեն:
Մարտկոցների դիմացկունությունը ստուգվող միակ տեխնիկական պարամետրը չէ, ուշադրություն են դարձնելու նաև անվային բազային, մեքենայի չափերին, ստուգելու են, որ հետևում ճաղավանդակ տեղավորվի:
Դանիել Իոաննիսյան - Էլեկտրամոբիլ կա, որ ոստիկանության կողմից այժմ գնված բենզինով մեքենայի գնի տարբերությունը, համանման մեքենա է՝ ջիպ ա, ամեն ինչ համանման ա, ընդամենը 4-5 հազար դոլարով ա ինքը թանկ, և էդ գնի տարբերությունը ինքը հանելու ա մոտավորապես 30 հազար կմ հետո: Զուտ վառելիքի ու սպասարկման էժանության հաշվին գնի տարբերությունը հանելու ա:
Նախորդ երկու մեքենաները հերթափոխի ավարտին պարեկային գունդ են վերադարձել 50 տոկոս մարտկոցներով: Իոաննիսյանի պնդմամբ՝ ոստիկանական սարքավորումներն ու փարոսիկները կծախսեն մեքենայի էներգիայի 5-7 տոկոսը: Էլեկտրամոբիլների անցնելու վերջնական որոշում դեռ չկա, բայց փորձարկումները հենց դրան են միտված՝ ստուգել ու փաստերով ներկայացնել՝ արդյունավետ ու խնայո՞ղ է կանաչ մեքենան, թե՞ ոչ:
Եթե արդյունքները գոհացնող լինեն, հնարավոր է, որ Երևանում շրջող «Շկոդաները» փոխարինվեն էլեկտրական շարժիչով մեքենաներով: