Առաջիկա օրերին շինտեխնիկան կմտնի գրունտային ճանապարհ. Իջևան-Գանձաքար-Իծաքար 35 կմ ճանապարհահատվածը առաջին անգամ կասֆալտապատվի: «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենի խոսքով՝ պետբյուջեով կվերակառուցվեն սահմանամերձ Բերդ տանող բոլոր երեք ճանապարհները:
Գոռ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մեր երկրի զարկերակներն են, բոլորը պարտավոր ենք նորոգել, բարվոք վիճակում պահել: Առաջիկա երկու տարում ունենալու ենք հանրապետական նշանակության երեք լավ ճանապարհ:
Տավուշում 2020 թ. հուլիսի ադրբեջանական ագրեսիայից հետո վարչապետը հանձնարարել է վերակառուցել Գանձաքար-Իծաքար ու նաև Բերդ-Ճամբարակ ռազմավարական նշանակության ճանապարհները:
Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Ճամբարակ և Գանձաքար-Իծաքար երեք ճանապարհներից ամենաանվտանգը վերջինն է, հակառակորդն այն չի կարող դիտարկել: Հանրապետական նշանակության գրունտային ճանապարհը շահագործվել է հատկապես, երբ սահմանին որոշակի լարվածություն է եղել: Նախահաշվային 5,7 մլրդ դրամի փոխարեն հաղթած ընկերությունը խոստացել է նորոգել 4,5 մլրդ դրամով:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերին: Կնորոգվեն նաև ճանապարհի 5 կամուրջները: Շինարարության հարևանությամբ գտնվող միջնադարում կառուցված Կապտավանքը տանող ճանապարհի կառուցման նպատակահարմարությունը կքննարկեն ԿԳՄՍ նախարարության հետ:
Գոռ Ավետիսյան - Երկրորդ ճանապարհը Բերդ-Ճամբարակն է՝ 40 կմ ևս վարչապետի հանձնարարությամբ նախատեսում ենք մեկնարկենք այս տարի, հաջորդ տարի կավարտենք, մեծ ճանապարհ է:
Ճամբարակից Բերդ 15 կմ-ի նախագծանախահաշվային փաստաթղթավորման գործընթացն ավարտվում է, հետո կհայտարարվի մրցույթ: 4-5 ամիս անց էլ պատրաստ կլինի ճանապարհի 25 կմ հատվածի նախագծանախահաշվային փաթեթը: Ավետիսյանը լիահույս է, որ գործը կսկսեն այս, կավարտեն հաջորդ տարի:
Գոռ Ավետիսյան - Մեկնարկել ենք նաև Դիլիջանից Ճամբարակ հանրապետական նշանակության ճանապարհի նորոգումը, այս պահին շինաշխատանքները սկսվել են 0-15 կմ վրա, աշխատում է շինտեխնիկան: Տուրիստական մեծ պոտենցիալով ճանապարհներ են, բարվոք վիճակի բերելուց հետո տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կբացվեն:
Որպեսզի երեք ճանապարհի շինարարությունը միաժամանակ չլինի, ու բնակչության համար անհարմարություններ չստեղծի, որոշվել է Մ-4՝ Երևան-Սևան-Ադրբեջանի սահման՝ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար հիմնական ճանապարհի 17 կմ-ը նորոգել հաջորդ տարի:
Պետական ֆինանսավորմամբ, ընդհանուր առմամբ, կնորոգվի Բերդը մարզկենտրոնին ու մայրաքաղաքին կապող 103 կմ ճանապարհ: