ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն։
«Այսօր Ուկրաինան այլ ելք չունի»,- նշել է նա գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
Նա հայտնել է նաև, որ ԵՄ անդամ երկրներից մեկի կառավարության ղեկավարը խնդրել է ապացույցներ տրամադրել, որ Բուչայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները բեմադրված չէին։ Զելենսկին անուններ չի նշել, միայն հավելել է` խոսքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին չէ։
Ուկրաինայի նախագահը, սակայն, մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ, հատկապես՝ Գերմանիան, դանդաղեցնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու գործընթացը և դեմ են ռուսական նավթի ու գազի էմբարգոյին:
«Գերմանիան չափազանց զգուշավոր է Ուկրաինային աջակցելու հարցում։ Նրանք մեզ զենք չէին տրամադրում: Բացահայտ հայտարարում էին, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնա: Բեռլինի հռետորաբանությունը, սակայն, փոխվել է»,- պարզաբանել է Զելենսկին:
Հնդկական հեռուստաալիքներից մեկի հետ հարցազրույցում էլ նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու և քննարկելու ցանկացած թեմա, բայց միայն Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Հնդկաստանը, Թուրքիան և Չինաստանը կարող են համալրել Ուկրաինայի անվտանգության երաշխավորների շարքերը։
Ավելի վաղ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին էին հայտնել Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը։ Չինաստանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ Պեկինը Կիևից անվտանգության երաշխավոր դառնալու վերաբերյալ հարցում չի ստացել։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԶՈՒՍՊ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Գերմանիայի զինված ուժերը հազիվ թե ի վիճակի լինեն իր պահուստներից լրացուցիչ զենք ուղարկելու Ուկրաինա՝ հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։
«Մեր զինված ուժերը պետք է կարողանան ապահովել իրենց անվտանգությունը»,- պարզաբանել է նա, ընդգծել՝ Ուկրաինան, այնուհանդերձ, կարող է Գերմանիայից զենք գնել։
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշում է կայացրել առկախել Ուկրաինային շուրջ 100 տանկի տրամադրումը։
ԲՈՒԴԱՊԵՇՏԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ԿԳՆԻ ՌՈՒԲԼԻՈՎ
Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, ինչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա վստահեցրել է՝ քանի դեռ Բուդապեշտը նման վճարումներ չի կատարել, խնդիրներ չեն ծագի։
«Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ»,- եզրափակել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Հունգարիայի նախարարների կաբինետից հայտնում են՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի համարվում եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Բուդապեշտը և Մոսկվան գազի մատակարարման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր են կնքել։
ԽԱՐԿՈՎԸ ՄՆՈՒՄ Է ՇՐՋԱՓԱԿՎԱԾ
Ռուսական ուժերը խոցել են ուկրաինական ևս 85 ռազմական օբյեկտ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 4 անօդաչու թռչող սարք։ Հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է ուկրաինական կողմի 650 ինքնաթիռ և ավելի քան 2000 տանկ ու զրահամեքենա։ Ընդհանուր առմամբ՝ ռուսական կողմը խոցել է շուրջ 6000 միավոր զինտեխնիկա։
Կիևը նույնպես հայտնում է ռուսական կողմի կորուստների մասին։ Ուկրաինական ուժերը ոչնչացրել են ավելի քան 4000 միավոր ռուսական զինտեխնիկա։ Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ էլ՝ ռուսական ստորաբաժանումներն ամբողջությամբ հետ են քաշվել Սումիի շրջանից, սակայն շարունակում են Խարկովի շրջափակումը։