Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և լինելու է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը. կառավարության նիստին հայտարարել է Արցախի նախագահը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության ինքնորոշման միջազգային նորմը մեր գլխավոր ուղեցույցն է լինելու: Մենք դրանից չեն շեղվելու՝ սա միանշանակ:
Փառուխի և Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որտեղ այժմ ադրբեջանական ուժեր են տեղակայվել, պաշտպանության բանակը հետ էր քաշվել շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով՝ նշել է Հարությունյանը:
Արայիկ Հարությունյան - Նման նախադեպ մենք ունեինք Եղցահողում, Մատաղիսի հատվածում, Թաղավարդի հատվածում և լարված շփման գծի տարածքներում, որտեղ մեր դիրքերը փոխարինել ենք խաղաղապահ ուժերով, որոշակի կայնություն և ավելի հանգիստ իրավիճակ էինք ունենում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում պետք է լինեն միայն խաղաղապահները՝ ընդգծել է Արցախի նախագահը և հավելել՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պատճառով պաշտպանության բանակը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել, այդ թվում՝ Քարագլխի ամենաբարձր կետում:
Արայիկ Հարությունյան - Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնական մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, նաև կամավորականներ և ԱԱԾ ստորաբաժանումներ: Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և նաև ռուսական խաղաղապահներ արդեն երեկվանից գտնվում են Քարագլխի հատվածում՝ոչ միայն Փառուխի հատվածում, այլ նաև Քարագլխի հատվածում:
Աշխարհաքաղաքական բարդ ժամանակահատվածում Արցախի իշխանությունները ևս վերանայում են աշխատանքային օրակարգը: Նախագահը Հարությունյանը կառավարության անդամներին հորդորել է միասնական լինել, որ կառավարման համակարգն աշխատի օպերատիվ: Հարությունյանը միասնականություն է ակնկալում նաև քաղաքական դաշտում. խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ միասնական քաղաքական օրակարգ ունենալու մասին է: