ԵՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՄՌԱՆԸ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն փոխանցել է հարցաշար, որը լրացնելուց հետո Եվրահանձնաժողովը կմեկնարկի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացը։
«Մեր նպատակն է Ուկրաինայի դիմումը Եվրոպական խորհուրդ ներկայացնել այս ամռանը»,- նշել է նա։
Կիև այցի շրջանակում ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ «Եվրամիության ընտանիքում» Կիևի համար տեղ կա և խոստացել՝ անդամակցության հարցը կդիտարկվի ոչ թե տարիների, այլ շաբաթների ընթացքում։
«Այս հարցաշարը լուրջ ազդանշան է, որ Ուկրաինան և Եվրամիությունը միասին են: Մենք կիսում ենք նույն արժեքները, դրանց համար ենք մենք պայքարում»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
ՊԱՊՈՒԱՇՎԻԼԻՆ ԲՈՒՉԱ ՉԻ ԱՅՑԵԼԻ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ անտեղի է համարում իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հրավերը՝ այցելելու Բուչա: Պատճառը, նրա խոսքով, Վրաստանի նկատմամբ Կիևի քաղաքականությունն է: Պապուաշվիլին համոզված է՝ երկու երկրների գործընկերությունը և Կիևին Թբիլիսիի ցուցաբերած աջակցությունը արժանի չեն Ուկրաինայի դիվանագիտական դեմարշներին և մեղադրանքներին։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տեղեկացրել էր, որ Թբիլիսին պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի նկատմամբ, ինչից հետո Վոլոդիմիր Զելենսկին խորհրդակցությունների համար հետ էր կանչել դեսպանին Թբիլիսիից: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան էլ հայտարարել էր, որ Կիևն ակնկալում է Թբիլիսիից ապացույցներ ստանալ, որ վերջինս չի օգնում Ռուսաստանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները։
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԲԱՅԴԵՆԻՑ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՈՒ ՄԻՆՍԿԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու օրինագիծ է ստորագրել, որոնց համաձայն Մոսկվայի և Մինսկի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվում։
Ռուսական նավթի ներմուծումը և Ռուսաստանի ու Բելառուսի հետ առևտրային կանոնավոր հարաբերությունները դադարեցնելու մասին օրենքներն ավելի վաղ ստացել էին Կոնգրեսի հավանությունը։
Չնայած պատժամիջոցներին՝ Վաշինգտոնը ցանկանում է խուսափել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության հետագա սրումից ռազմական ոլորտում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։
«Ուկրաինային աջակցելիս ԱՄՆ-ն հաշվի է առնում, որ Ռուսաստանը միջուկային տերություն է»,- նշել է պաշտոնյան։
Քիրբին հայտնել է նաև, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադիի հետ քննարկել է Բրատիսլավայից Կիևին C-300 զենիթահրթիռային համակարգի փոխանցման հարցը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ խորհրդային և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող փոխանցվել երրորդ երկրների։ «Դա անօրինական կհամարվի»,- նշել էր պաշտոնյան։
ՌԴ-Ն ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՑ
Ռուսաստանը դուրս չի գա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։
«Մենք չենք ակնկալում, որ նման բան տեղի կունենա: Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումը միջազգային արձագանքն էր Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Այլ կանխատեսումներ անել չեմ կարող»,- պարզաբանել է Սակին։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով դադարեցվում է Ռուսաստանի աշխատանքը Մարդու իրավունքների խորհրդում։ Որոշմանը կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 պետություն: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը բանաձևը «ապօրինի և քաղաքական դրդապատճառներով թելադրված քայլ» է որակել։
ՄԱՐԻՈՒՊՈԼԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարիուպոլի թաղամասերից մեկ օրում տարհանվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ 14 երեխա, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ Մարիուպոլի հումանիտար միջանցքով արևելյան ուղղությամբ, ընդհանուր առմամբ, տարհանվել է 133000-ից ավելի մարդ։
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են նախօրեին երկրի վտանգավոր տարածքներից ավելի քան 6000 մարդու տարհանման մասին, որոնցից 1614-ը՝ Մարիուպոլից։
Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ էլ՝ ռուսական ստորաբաժանումները ամբողջությամբ հետ են քաշվել Սումիի շրջանից, սակայն շարունակում են Խարկովի շրջափակումը։