Նորագյուղցի ֆերմեր Լևոն Ենգիբարյանը ջերմատան համար վառելափայտը ինքնաշեն սարքով է կտրատում: Նշում է՝ սա ձեռքի գործ չէ: Մասնագիտությամբ ինժեները մտածել և գործի է դրել սեփական արտադրության սարքը:
Լևոն Ենգիբարյան (ֆերմեր) - Հնարավոր չէ ձեռքով այսքանը ճղել, մի քանի ավտո փայտը ձեռքով ինչպե՞ս ճղես: Սա է, որ փրկություն է: Եթե սա չլինի, ջերմոց անելն ի՞նչ իմաստ ունի:
1300 քմ մակերեսի վրա, կենտրոնացված ջեռուցման համակարգով լոլիկ և վարունգ է մշակում: Սեփական արտադրանքն իրացնում է տեղական շուկայում:
Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրով Արցախի կառավարությունը դրամական աջակցություն է տրամադրում տնտեսվարողներին: Մասնագետները համայնքներում չափագրում են ջերմոցները:
Արամ Բադալյան (Արցախի ԳՆ բուսաբուծության վարչության պետ) - Մեկ մետր քառակուսու հաշվով ջեռուցվող ջերմատնային տնտեսություններին տրամադրվում է 600 ՀՀ դրամ, իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսություններին՝ 300 ՀՀ դրամ: Ծրագրի շրջանակում 2021 թվականի դրությամբ շահառուների թիվը կազմում է շուրջ 200, և պետք է նշեմ, որ այս թիվը տարեցտարի աճում է՝ հաշվի առնելով մեր կողմից առաջարկվող պետական ծրագրերը:
Պետության և ընկերների աջակցությամբ Ասկերանում ջերմատնային տնտեսություն է հիմնել Նվեր Գաբրիելյանը: Արցախի Ուղտասար գյուղը, որտեղ նա հող էր մշակում, մնացել է թշնամու վերահսկողության տակ, մեծ ջերմատան շինարարությունը կիսատ է մնացել:
Նվեր Գաբրիելյան (ֆերմեր) - Ամենից էլ այս տարի փորձել եմ՝ պոմիդոր, սմբուկ, պղպեղ, վարունգ, տարբեր սորտեր, որ հետագայում իմանամ, թե որ սորտից ցանեմ, որն է ավելի եկամտաբեր:
Պարենային անվտանգության և տեղական արտադրության խթանման նպատակով Արցախի գյուղատնտեսության նախարարությունը խրախուսում է նոր ջերմատուն կառուցողներին: Միանվագ գումարը հաշվարկում են ջերմոցի մակերեսով:
Արամ Բադալյան - Ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների կառուցման դեպքում տրամադրվում է անհատույց ֆինանսական աջակցություն՝ մեկ քառակուսի մետրի հաշվով, համապատասխանաբար, 8 հազար և 22 հազար դրամ:
Ծրագրի շրջանակում ավանդական ջերմատնային տնտեսությունների հաշվով պարտադիր պայման է հանդիսանում, որ մեկ ջերմատան նվազագույն մակերեսը պետք է լինի 100 քմ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների դեպքում՝ նվազագույնը 500 քմ:
Գազամատակարարման խափանումների պատճառով ջերմոցներում սածիլների աճը սպասվածից փոքր է՝ ասում են տնտեսվարողները: Բայց ապրիլին բերք են ակնկալում: