Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ փոխանցում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների արդյունքները: Ընդգծվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների ամբողջական կատարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը վերաբերող հարցերին: