Ապրիլի 8-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթյուն է եղել, և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ է ստացվել նաև ժամը 19.05-ին։
Էրեբունու ոստիկանությունում ահազանգ է ստացվել նաև Այրվածքաբանության կենտրոնից։ Հայտնել են, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք է լցրել, այրել, ապա վրան ճայթուկ գցել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
38-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: