Խորհրդային տարիներից հետո Հայաստանում առաջին անգամ սկսել են արյան պլազմայից ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի պատրաստուկի փորձնական նմուշի ստացման հետազոտություն: Բայց մինչև դրանց արտադրությանն անցնելը նոր տեխնոլոգիաներ են մշակում:
Գայանե Կիրակոսյան (ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող) - Տեխնոլոգիաները, որ եղել են Սովետական Միության ժամանակ, հիմա բավականին ժամանակակից դարձնելու, արդիականացնելու կարիք ունեն:
Հիմնվելով նախկին փորձի վրա՝ կներդնեն ժամանակակից նոր տեխնոլոգիաներ ու մեթոդներ, ինչը հնարավորություն կտա վերականգնել երկրի համար կարևոր արտադրությունը: Այժմ հետազոտությունը փորձարկումների փուլում է: Աշխատանքների կարևոր հատվածն այս դռնից այն կողմ է իրականացվում:
Արյան պլազմայի հետ աշխատանքը հատուկ պայմաններ է պահանջում: Հետազոտություններից հետո առջևում նաև պատրաստուկների փորձարկումների փուլն է:
Գայանե Կիրակոսյան - Պետք է հետազոտությունները անցնեն, համապատասխան անալոգների հետ համեմատվեն, միջազգային բրենդային դեղերի հետ, պետք է ցույց տան, որ ոչնչով չի զիջում:
Պլազմայից ստացվող սպիտակուցային պատրաստուկներն անփոխարինելի են ծանր հիվանդությունների բուժման, նաև այրվածքների, ցիռոզի, սիրտանոթային վիրաբուժության, լյարդի ու երիկամների փոխպատվաստումների, իմունային հիվանդությունների ժամանակ: Այս դեղամիջոցների պահանջարկն ամբողջ աշխարհում գերազանցում է առաջարկը:
Միքայել Գինովյան (հետազոտական թիմի անդամ) - Անվտանգային հարց կարող է լուծել՝ հաշվի առնելով մեր երկրի անվտանգային միջավայրը, սահմանների շրջափակում, պատերազմական իրավիճակ, շատ կարևոր է, որ ունենանք մեր դեղամիջոցը:
Կարևոր է՝ այս հետազոտությունը պետություն-մասնավոր գործակցությամբ է իրականացվում: 30 մլն դրամ ֆինանսավորման մեծ մասը՝ 24 միլիոնը, Գիտության կոմիտեն է տրամադրել, մնացածը՝ բժշկական մասնագիտացված ընկերություններից մեկը: Արյան պլազմայի հետազոտություններն էլ ընկերության դեղարտադրական տարածքում են իրականացվում: Գործակցում են նաև Արյունաբանական կենտրոնի հետ:
Միքայել Գինովյան - Հույս ունենք, որ նախագծի արդյունքում հնարավորություններ կստեղծվեն իրականացնել արտադրության կազմակերպումը և առևտրայնացումը, դա թույլ կտա մեր երկիրն ապահովել արյան կարևոր պրեպարատներով:
Ուսումնասիրություններն ու փորձնական նմուշի ստացումը 2 տարի է տևելու, դրանից հետո կդիմեն պետությանը Հայաստանում ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի արտադրության համար: