Այս տարվա առաջին եռամսյակում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով գլխավոր դատախազությունը քաղաքացիներից կոռուպցիոն երևույթների մասին 26 ազդարարում է ստացել, մինչդեռ նախորդ ողջ տարվա ընթացքում 75 արձանագրում էր եղել: Գլխավոր դատախազի խորհրդականն ընդգծում է՝ տարեցտարի նկատվում է ներկայացվող հաղորդումների որակի բարելավում: Վերջին տարիներին ազդարարումների թիվը նվազել է, սակայն աճել են դրանց հիման վրա հարուցված քրեական գործերը:
Գոռ Աբրահամյան (ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական) - Եթե, օրինակ, 2020-ին օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու նպատալկով համապատասխան մարմիններ ուղարկվել էն ստացված ազդարարումների մոտ 63 տոկոսը, ապա 2021-ին 90 տոկոսից ավելին է ուղարկվել: Էս ցուցանիշները որոշակի միտումների մասին խոսում են՝ ազդարարումների կոնկրետությունը դրանցում, կոնկրետ հանցավոր դրսևորումենրի նկարագրությունը, դրանց առնչություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները որոշակիության կոնկրետության առումով ավելի հստակ են:
2021-ին 75 ազդարարումից 70-ն անանուն է եղել, հարուցվել է ազդարարման 70 վարույթ, 47-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին: Ազդարարումը ստուգելու արդյունքում 10 քրգործ է հարուցվել, մինչդեռ 2020-ին քրգործ հարուցվել էր հարթակի միջոցով ստացված հաղորդումներից միայն մեկով:
Գոռ Աբրահամյան - Քրգործերը հարուցվել են հիմնականում կոռուպցիոն հոդվածներով, մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահումների, պաշտոնական դիրքն օգտագործելով հափշտակություններ կամ վատնումներ կատարելու կամ պաշտոնական կեղծիքներ կատարելու առերևույթ դեպքերում:
Քրեական գործերից մեկով մարզային դպրոցներից մեկի տնօրենը 2011-2019 թթ. իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր կազմելու միջոցով մի քանի ուսուցիչների զրկել է սոցիալական փաթեթների գումարները տնօրինելու իրավունքից: Քրգործերից մյուսով էլ գիտական գործունեությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի տնօրենը իր հարազատին աշխատանքի է ընդունել և փաստացի աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրան վարձատրել է՝ այդ կերպ հանրային միջոցների առերևույթ վատնում կատարելով:
Գոռ Աբրահամյան - Համակարգը, հարթակը ստեղծված է, որպեսզի քաղաքացիները, առանց իրենց տվյալները նշելու, իրենց հայտնի դարձած կոռուպցիոն առերևույթ երևույթների վերաբերյալ որպես հաղորդում ներկայացնեն գլխավոր դատախազությանը, որից հետո դատախազը կոնկրետ այս ազդարարումներով մասնագիտացած ստուգում է այս ստացված հաղորդումը՝ առանց անձի տվյալների որոշակի հասանելիություն ունենալու և այնքանով, որքանով բավարար է համարում առկա հիմքերը հարուցում է ազդարարման վարույթ:
Հարթակը գործում է 2019-ից: Գլխավոր դատախազի խորհրդականը վստահեցնում է՝ անձի գաղտնիությունը պետությունը երաշխավորում է: Այդ տվյալները որևէ պարագայում հրապարակման ենթակա չեն: Ավելին՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված ապօրինի կերպով այդ տվյալները հանրայնացնելու կամ օգտագործելու համար: