Տնտեսվարողները խորհրդարան էին եկել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումները մեղմելու առաջարկներով, առանձնացրել, իրենց բնորոշմամբ, անիրականանալի կետերը:
Համոզված են՝ օրենքը հանգեցնելու է խախտումների ու ստիպելու է շրջանցելու ուղիներ փնտրել: Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրին՝ դրույթի՝ ուժի մեջ մտնելուց հետո փաբերը եկամտի 20-25 տոկոս անկում են գրանցել:
Մանուկ Սուքիասյան (տնտեսվարող) - Քայլ առաջին՝ սահմանազատել ու հանրային սննդի ենթատեսակներ սահմանել: Իմ առաջարկի քննադատներն ասում են՝ հարկային մարմինները ո՞նց ստուգեն, դա սննդի՞ կետ է, թե՞ սպեցիֆիկ ժամանցի վայր: Շատ պարզ. կարելի է օրենքի պահանջ դնել, որ տնտեսվարողը իր մենյուի օնլայն տարբերակներն ուղարկում է հանրային ծառայությանը, և վերջ: Կարելի է տարին մեկ էլ ստուգել՝ մենյուները պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ:
Մարտի 15-ից ուժի մեջ էր մտել համապատասխան օրենքի վերջին՝ հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքի դրույթը: Օրենքն ընդունվել է 2020 թվականին և ուժի մեջ է մտել աստիճանաբար: Այժմ ծխելն արգելվում է թե՛ սննդի կետերում, թե՛ պետական ու մասնավոր փակ տարածքներում, որոնք համարվում են հանրային: Ծխելն արգելվում է անգամ որոշ բացօթյա վայրերում՝ խաղահրապարակներ, կանգառներ, կրթական հաստատությունների մուտքեր...
ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկմանը ներկա տնտեսվարողներից Մանուկ Սուքիասյանն առաջակում է հարցի լուծման մեկ այլ տարբերակ, որ ծխելու արգելք չդնող հաստատությունները մեկ տոկոսով ավելի շահութահարկ մուծեն: Դրանից հետո տնտեսվարողը կորոշի՝ ծխել թույլատրել, բայց շատ հա՞րկ մուծել, թե՞ սպասարկել միայն չծխողների: Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը պատասխանեց՝ իրենց գերատեսչությունը կողմ է եղել ենթաոլորտների տարանջատմանը, բայց կա ընդունված օրենք, որին բոլորը պետք է ենթարկվեն:
Անի Իսպիրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այս փուլում առնվազն պետք է թողնել անփոփոխ, որովհետև շատ տնտեսվարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը այս օրենքի շրջանակներին:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը հակադարձում է՝ աշխատող բիզնեսը, որտեղ հսկայական գումարներ են ներդրվել, մեկ տարում վերապրոֆիլավորել չի կարող, համոզված է՝ օրենքի բացասական ազդեցությունն իրենց վրա զգացել են բոլոր տնտեսվարողները:
Աշոտ Բարսեղյան («Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ) - 100 տոկոս, չկա տենց մարդ էս սենյակում, որ կողմ է, որ ծուխը թողնենք ռեստորանում. չկա տենց բան: Մենք խոսում ենք բացօթյայի վերացումից, որը թյուրիմացաբար է հայտնվել էս օրենքում: Մենք խոսում ենք՝ սիգարի սիրահարներն ի՞նչ անեն, սիգարն ու վիսկին վերցնեն դուրս գան փողո՞ց:
Ընդդիմադիրների կազմակերպած քննարկմանը միացած Բաբկեն Թունյանը նախ պարզաբանում է՝ իշխանական խմբակցությունից պատգամավորներ չկան, որովհետև մեկ շաբաթ առաջ նույն թեմայով քննարկում են ունեցել հուկահ բարերի ներկայացուցիչների հետ: Համաձայնեց առաջարկին, որ պետք է քննարկել՝ փաբը կամ հուկահ բարը հանրային սննդի կե՞տ են, թե՞ ոչ:
Թունյանն անդրադառնում է հարկային դաշտի փոփոխությունների՝ ավելի վաղ հնչած առաջարկին ևս:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Էստեղ պետք է հասկանանք, որ մեր ֆունկցիան լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելը չէ: Այսինքն՝ եթե մենք դնենք էնպիսի հարկ, որ բոլորը մուծեն ու բոլոր տեղերում շարունակեն ծխել, կստացվի՝ էս օրենքն ընդհանրապես իմաստ չունի, բայց լիցենզավորվող գործունեության տեսակավորման մասին քննարկում մենք արդեն սկսել ենք, էդ առաջարկը մեր նույն քննարկման ժամանակ հնչել է Հուկահ բարերի ասոցիացիայի կողմից, հիմա մենք քննարկում ենք լիցենզավորման տարբերակը:
Եթե լիցենզավորման գործընթացը կյանքի կոչվի, կսահմանվեն հստակ չափորոշիչներ ու պարտականություններ: Դա հնարավոր է՝ ֆինանսական հավելյալ բեռ ստեղծի այն տնտեսվարողների և հաճախորդների համար, որոնք ընտրում են հանրային փակ վայրում ծխելու տարբերակը՝ իր խոսքը եզրափակում է Թունյանը: Նշում՝ այդ մասին վերջնական որոշում կլինի առաջիկա օրերին:
Փակ տարածքներում ծխելու հարցը փակ է, մյուս տեղերում՝ քննարկման ենթակա: