ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ի գործով զանգվածային անկարգությունների մեղադրանքով արդարացվեց:
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը:
Վճռաբեկը ճանաչեց և հռչակեց Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:
Միքայելյանի վերաբերյալ գործը նոր վերանայելու բողոք էր ներկայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:
Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար:
Զենք պահելու մեղադրանքի մասով Վճռաբեկը ստորադաս ատյանների որոշումները թողեց անփոփոխ: Ավելի քան 3 տարի բանտում անցկացնելուց հետո Միքայելյանը 2011 մայիսին համաներմամբ ազատ էր արձակվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան