Անձրևային եղանակը Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին չխանգարեց Կոտայքի մարզից մեկնարկել «Պատվաստումը հոգատարություն է» արշավը: Այն իրականացվում է Եվրոպական միության և ԱՀԿ-ի միասնական գործողությունների շրջանակում: Նպատակը 65 տարեկանից բարձր անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստման կարևորության շեշտադրումն է:
Ժիհան Թաուլիան (Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ) - Նման լավ անձրևոտ օրով ավելի լավ ի՞նչ կարող էր լինել, քան արշավի մեկնարկումը, որը հոգածություն է սեփական ժողովրդի հանդեպ: Այսօր ականատես ենք լինում ջանքերի համադրման եզակի դրսևորման, և ամեն բան արվում է հանուն մեր տարեցների առողջության:
COVID-19-ը համավարակը շարունակում է գոյություն ունենալ, իսկ չպատվաստված բնակչությունը՝ հատկապես խոցելի խմբերը, ինչպիսին եք տարեցները, շարունակում են մնալ հիվանդության ծանր ընթացքի ու մահվան սպառնալիքի ներքո՝ նկատեց առողջապահության փոխնարար Լենա Նանուշյանը և հավելեց, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստումների համար նախանշված թիրախին Հայաստանը դեռ չի հասել:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Ցավոք սրտի, 65-ից բարձր մեր մեծահասակների նույնիսկ կեսը պատվաստված չէ, ինչն ահազանգող նշանակություն ունի:
Փոխնախարարի կարծիքով՝ նման արշավները կօգնեն հասնել վերջնանպատակին՝ խոցելի խմբերի պատվաստմանը: Նա ուրախությամբ փաստեց, որ բուստերային պատվաստում ստացած անձինք էլ կան, սակայն թվերը գոհացուցիչ չեն:
Լենա Նանուշյան - 30 հազարից ավելի բուստեր ունենք ստացած, որը նույնպես բավարար չէ, որ պաշտպանված լինենք հաջորդ ալիքի համար:
Պատվաստումը ոչ միայն անհատական, այլև սոցիալական պատասխանատվություն է՝ շեշտեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավարը և կարևորեց, որ Հայաստանի կառավարությունն առանձին ուշադրություն է դարձնում մեծահասակների առողջությանը:
Սիդհարթա Դատա (ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավար) - Կարևոր է հասկանալ, որ COVID-ը չի գնացել, այստեղ է ու մեզ հետ է հիմա, ու անհրաժեսշտ է անել ամեն բան, որ յուրաքանչյուրը պաշտպանված լինի դրանից:
«Պատվաստումը հոգատարություն է» արշավում, բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, ներառված են այլ առողջապահական ծառայություններ ևս, օրինակ՝ ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ:
Հեղինակ՝ Անի Օհանյան