Սեղան, աթոռ, գրիչ, շինանյութ և ընդհանրապես այն ամենը, ինչը ձեռք է բերվում պետական գնումներով՝ պետք է համապատասխանի «կանաչ կայուն գնումների» սկզբունքին: Սա Հայաստանի որդեգրած կայուն զարգացման ծրագրի 17 կետերից 12-րդն է: Շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների պաշտոնյաները համաձայնել են աստիճանաբար անցնել այսպես ասած կանաչ գնումների, իսկ հետաքրքրված միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանին:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ ՇՄ նախարարի տեղակալ) - Ծրագիրը Հայաստանում չէր գործում շուրջ 5 տարի: Ֆինանսավորումը կար բոլոր մեր գործընկեր և ոչ գործընկեր պետությունների համար: Այս համագործակցությունը հիմք տվեց իրենց որոշում կայացնել. Հայաստանի համար ևս ֆինանսավորումը կբացվի:
Եթե կառուցվող դպրոցի շենքը, ասենք, լինի ջերմամեկուսացված, ունենա արևային ֆոտովոլտային կայան, հոսանքի դիմաց խնայած գումարով հետագայում կարող է գնել նաև խելացի գրատախտակներ: Ծախսերից վախենալ պետք չէ՝ համոզված է շրջակա միջավայրի նախարարի տեղակալը: Կանաչ գնումները թանկ արժեն, սակայն արդյունավետ են երկարաժամկետ օգտագործման տեսանկյունից: Եթե հիմա արդեն չանցնենք կանաչ գնումների՝ չվերամշակվող թափոնների համար հետագայում շատ ավելին ենք վճարելու՝ ասում է շրջակա միջավայրի փոխնախարարը:
Գայանե Գաբրիելյան - Մենք մեր առջև ունենք երկու տեսակ ինքնահոս: Ակնհայտ է, որ այս ինքնահոսի նախնական ինքնարժեքը և վաճառքի գինը կարծես թե ավելի էժան է, բայց եթե մենք հասկանանք ինչ նյութերից է այն կազմված, ինչ բնական ռեսուրսներ ենք օգտագործում և ի վերջո ինչ գումար ենք ծախսելու այն ուտիլիզացնելու և վերամշակելու համար, կստացվի որ ավելի լավ էր ես 50 դրամ ավել վճարեի սկզբում, քան 250 դրամ ամբողջ կյանքի ընթացքում:
Կանաչ գնումների համակարգին անցնելու հարցում Հայաստանին աջակցում են Ամերիկայի առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի մասնագետները: Գնումները պետք է իրականացվեն հատուկ չափորոշիչներով:
Նիկոլետտ Մենա (ԱՄՆ առևտրային դեպարտամենտի մասնագետ) - Եթե գնումների ընթացքում առաջնորդվենք ցածր գին սկզբունքով, ուրեմն մենք կանաչ կայուն գնումներ չենք կատարի: Գնումը կատարելիս պետք է հաշվի առնել ապրանքի երկարաժամկետ արդյունավետությունն ու որակը:
Գնումների ընթացքում մասնագետները հնարավորություն կունենան առաջնորդվել նաև ապրանքների էկոպիտակներով, ընտրություն կատարելիս որոշակի շտկումներ մտցնել տեխնիկական բնութագրերում, ինչը նաև կհեշտացնի գնման գործընթացը: