2022-ի սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեկնարկից առաջ Մասիսում ավարտին են հասցնում նախորդ տարի կիսատ մնացած 5 ծրագրերը:
Վարդան Սաֆարյան (Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Կենսական նշանակություն ունի կոնկրետ այս ճանապարհը. դեպի Էջմիածին գնացող հատվածն է, որը, երևի թե, խորհրդային ժամանակվանից չէր վերանորոգվել, ծրագրի արժեքը՝ 151 մլն դրամ:
Ավարտուն տեսք են ստանում քաղաքի 38-րդ շենքից դեպի ոստիկանություն տանող ճանապարհն ու մայթերը: Ընդհանուր արժեքը՝ 42,7 մլն դրամ: Ասֆալտապատվել է շուրջ 340 գծամետր ճանապարհ, փոսալցվել՝ 120 գծամետր: Նաև լուսավորության ցանց է կառուցվում՝ 131 մլն դրամ արժեքով: Տեղադրվելու է շուրջ 830 լուսատու՝ ընդհանուր երկարությունը՝ 25 կմ:
Վարդան Սաֆարյան - Մասիս համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և կենտրոնական գրադարանի հիմնանորոգումն է, ծրագրային արժեքը կազմում է շուրջ 114 մլն դրամ:
Աշխատանքներն սկսել են 2021-ի վերջին, կավարտեն այս տարվա մայիսին: Ակնկալում են, որ վերանորոգումից հետո կենտրոն հաճախող 150 սաների թիվը մի քանի անգամ կավելանա:
Վարդան Սաֆարյան - նախկինում Մասիս քաղաքի 3-րդ մանկապարտեզի հատվածում ենք, վթարային է եղել, ապամոնտաժվել է, նոր մանկապարտեզ է կառուցվում:
Նոր մանկապարտեզը մարզում եզակի է՝ արագ կառուցվող կոնստրուկցիաներով է հավաքվում, ծրագրային արժեքը՝ շուրջ 270 մլն դրամ:
Մասիսում իրականացվող, նախորդ տարվանից կիսատ մնացած ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 860 մլն դրամ է: Արդեն այս տարի 27 բնակավայր ներառող խոշորացված համայնքը 9 սուբվենցիոն հայտ է ներկայացրել՝ 4 մլրդից ավելի արժեքով:
Նորայր Հակոբյան (Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Չունենք մեկ համայնք, որտեղ սուբվենցիոն ծրագիր այս տարի՝ 2022-ին, չի իրականացվելու:
Վերջին տարիներին ոչ միայն Արարատի մարզում, այլև Մասիս համայնքում սուբվենցիոն ծրագրային հայտերով առաջատարը ոչ թե ասֆալտապատումն է, այլ մանկապարտեզների կառուցումը:
Նորայր Հակոբյան - 1 մլրդ 250 մլն նախատեսված է միայն մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման համար: Գրեթե բոլոր բնակավայրերում ունենք նախադպրոցական կրթությունն ապահովելու խնդիր, Մասիս քաղաքում հիմնանորոգվելու են մանկապարտեզներ, կան բնակավայրեր, որտեղ նորն է կառուցվելու, օրինակ՝ Հայանիստ համայնքում, Նոր Խարբերդ համայնքում:
Այս տարի կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Մասիս քաղաքում ամբողջությամբ լուսավորության հարցը կլուծեն: Նիզամի և Սայաթ-Նովա համայնքներն առաջին անգամ խմելու ջրի ցանց կունենան: Խմելու և ոռոգման ջրի խնդիրները կլուծվեն նաև մարզի մի շարք այլ բնակավայրերում:
Նորայր Հակոբյան - Ծրագրի արժեքը 560 մլն դրամ: Մարմարաշենում 7000 մ կկառուցվի ոռոգման համակարգ, Խաչփառում, Արևաբույրում:
Որոշ համայքների գազիֆիկացման համար կհատկացվի 570 մլն դրամ: Տասնամյակներով անտեսված ու վթարային վիճակում գտնվող մի շարք հասարակական շենքերի կառուցում ու հիմնանորոգում է նախատեսված:
Նորայր Հակոբյան - Հաջորդ ծրագիրը Մասիս համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքի հիմնանորոգումն է: Սա Մասիսի ամենալուրջ խնդիրն է, եթե չլինեն սուբվենցիաները, համայնքը միայն իր միջոցներով չէր կարողանա այն իրագործել:
Քաղաքի բազմաբնակարանների 90 տոկոսից ավելին այս խնդիրն ունի: Այս տարի կհիմնանորոգվի 4 շենքի տանիք: Քաղաքում 66 բազմաբնակարան կա: Մասիսի փողոցների ասֆալտապատման համար նախատեսված է 565 մլն դրամ: 177 մլն դրամ էլ՝ մի շարք փողոցների խճապատման համար: