Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերջապես վերադարձել է հարազատ տուն: Սկսած 2006-ից` կինոկենտրոնը գործում էր վարձակալած տարածքներում՝ 16 տարիների ընթացքում միայն վարձակալության համար վճարելով 131 մլն դրամից ավելի գումար:
2018-ին կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի նախաձեռնությամբ սկսվեց Տերյան 3ա-ի 147.6 քմ բնակելի տարածքի վերակառուցումը, որին համակողմանիորեն աջակցեց կառավարությունը:
Տերյան 3ա հասցեում գործելու մասին երազել են հայ կինոգործիչների տարբեր սերունդներ: Գրեթե մեկ դար առաջ հենց այստեղ էր բացվել հայկական առաջին կինոֆաբրիկան՝ հողածածկ մեկհարկանի շենքը, որից սկսվեց հայ կինոյի պատմությունը: Փոքր-ինչ ավելի ուշ կառուցվեց փակ կինոտաղավար, որը մեծությամբ երրորդն էր Խորհրդային Միությունում:
Կինոկենտրոնի տնօրենը փաստում է՝ այս տարածքում խտացել է մեր կինոյի 100-ամյա պատմությունը, որը փոխանցվում և ոգեշնչում է ամբողջ թիմին:
Փոխնախարար Խզմալյանը կինոլորտում միջազգային գործակցությանը պատշաճ և ներկայանալի պայմաններից բացի, առանձնահատուկ կարևորում է կինոկենտրոնի և պետական մյուս մշակութային կառույցների հետ որակապես նոր փոխհարաբերությունների ձևավորումը:
Իսկ կինոգործիչները կարոտով են հիշում այն ստեղծարար մթնոլորտը, որ կինոքաղաքականություն էր թելադրում Տերյան 3-ից: Դավիթ Մուրադյանը հիշում է այն տաղավարը, որում նկարահանվել են «Եռանկյունու» Մկոյի ու Լյուբայի զագսի և «Մորգանի խնամին» ֆիլմի ռեստորանի տեսարանները: Ասում է՝ կինոյում շատ հնչեղ անուններ հենց այստեղից են սկսել իրենց ճանապարհը:
Իսկ հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կինոկենտրոնում արդեն մտածում են մի նոր՝ գործուն կառույցի մասին, որը կզբաղվի ազգային կինոժառանգության միջազգային քարոզչությամբ, հանրահռչակմամբ ու թվայնացմամբ: